Ռուսաստանում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանը, հուլիսի 19-ին, ՌԴ ԱԳ փոխնախարար, պետքարտուղար Գրիգորի Կարասինի հետ հանդիպման ժամանակ հույս է հայտնել, որ Պոդոլսկի մոտակայքում տեղի ունեցած սարսափելի ավտովթարի հետաքննության ընթացքը կլինի անաչառ` օրենքի ոգուն եւ տառին համապատասխան:

Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ դեսպան Եսայանը եւս մեկ անգամ վշտակցություն է հայտնել վթարի հետեւանքով զոհվածների ընտանիքներին եւ շուտափույթ ապաքինում մաղթել վիրավորներին:

Փոխնախարար Կարասինն իր հերթին հավաստիացրել է, որ տեղի ունեցածի շուրջ անցկացվում է համակողմանի հետաքննություն` անկողմնակալության եւ մարդու իրավունքների հարգման սկզբունքների հիման վրա:

Երկուստեք ընդգծվել է ողբերգության եւ քննվող գործի որեւէ ասպեկտի շահարկման անթույլատրելիությունը:

Հանդիպմանը որեւէ խոսք չի հնչել ՀՀ քաղաքացի, վարորդ Հրաչյա Հարությունյանին կանացի խալաթով դատարան բերելու անթույլատրելիության մասին: