Հյուսիսային Օսիայում մենինգիտից երեխա է մահացել, եւս երկուսը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: Այս մասին հայտնել է հանրապետության առողջապահության նախարար Վլադիմիր Սելիվանովը:

Նրա խոսքով՝ բոլոր երեխաները եկել էին Կաբարդինո Բալկարիայից: Վերակենդանացման բաժանմունքում գտնվող երկու երեխաների վիճակի դինամիկան դրական է: Սելիվանովի ներկայացմամբ՝ բոլոր 20 երեխաները, որոնք եղել են Կաբարդինո Բալկարիայի հանգստավայրում, ներկայումս հոսպիտալացվել են: Նրանք ամենժամյա հսկողության տակ են:

Որոշում է կայացվել Նալչիկի «Մայակ» հանգստավայրից դուրս բերել բոլոր 127 երեխաներին: Սելիվանովի խոսքով՝ առայժմ իրենց չի հաջողվել պարզել վարակի աղբյուրը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ընդհանուր առմամբ, պարզվել է, որ մոտ 350 երեխաներ շփում են ունեցել մենինգիտով հիվանդների հետ եւ նրանց նկատմամբ եւս 20-օրյա հսկողություն է սահմանվել: