Երեւանում տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ իրականացվող բողոքի ակցիաները դժվար թե գների վերանայման պատճառ դառնան: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Հարություն Ղարագյոզյանը, ով եւս երթուղային գծի սեփականատեր է:

Նրա խոսքով՝ լիցքավորված գազի գինը եւ մուծած պլանը իրար չեն համապատասխանում, չհաշված մնացած ծախսերը: «Հետո ասում եք, որ մեքենաները վատ վիճակի են: Եվրոպայում նոր, լավ մեքենայից օգտվելու համար 3 եվրո են վճարում: Եթե այստեղ էլ գները բարձր  լինեն, պարզ է, որ բոլորն էլ կուզենան ներդրում անել ու սպասարկելու համար լավ մեքենաներ բերել: Մի օրինակ էլ բերեմ. 1900 թ-ին «ԳԱԶել»-ն արժեր 3800 դոլար, այսօր նույն «ԳԱԶել»-ն արժի 21 հազար դոլար: Այդ տարիների ընթացքում տեսեք ինչպիսի գնաճ է տեղի ունեցել, իսկ ուղեվարձը մնացել է նույնը, հետեւաբար այդ ամեն ինչը իրար չի համապատասխանում»,-  նշեց ԱԺ պատգամավորը:

Դիտարկմանը, որ Եվրոպայում բնակչության աշխատավարձը այլ  է, նա չառարկեց, սակայն նշեց, որ 100 դրամով անհնար էր ինչ-որ բան պահել: Ղարագյոզյանը տեղեկացրեց, որ իր կազմակերպությանը պատկանող երթուղայինի 4 գիծ հանձնել է՝ ոչ եկամտաբեր լինելու պատճառով:

Դիտարկմանը, թե ուղեվարձի թանկացումից հետո շատերը 100 դրամ են վճարում՝ 150 փոխարեն, եւ ի՞նչ են պատրաստվում անել, նա ասաց. «Դա ընթացքում կկարգավորվի, բայց այս պահին չեմ կարող ասել ինչ մեխանիզմներով»: