«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը արտահայտում է իր խորին մտահոգությունը Հայաստանում հանրային տրանսպորտի ուղեվարձի չհիմնավորված աճի կապակցությամբ: Այս մասին նշված է կուսակցության տարածած հայտարարության մեջ:

Հայտարարությունում նաեւ ասվում է.

«Այդ երեւույթը, որը պատճառաբանվում է տնտեսական նպատակահարմարությամբ, իրականում պայմանավորված է ազատ մրցակցության բացակայությամբ եւ այդ ոլորտում տնտեսվարող սուբյեկտների համար գերշահույթ ապահովելու մտադրությամբ ու նպաստում է սոցիալական ճգնաժամի խորացմանը եւ բնակչության, հատկապես նրա անապահով շերտի հետագա սնանկացմանը: Հանրային տրանսպորտի բնականոն եւ քաղաքացու շահերից բխող գործառնությունը, առաջին անհրաժեշտության ապրանքների եւ ծառայությունների հետ մեկտեղ, գտնվում է պետության առաջնային պարտավորությունների շրջանակում:

Անհրաժեշտ ենք համարում անհապաղ լուծում տալ այդ խնդրին` ստեղծելով   իրապես ազատ մրցակցային պայմաններ, որը կվերացնի անհամաչափ ու չհիմնավորված գնաճը եւ կբերի լավագույն գնային առաջարկի: Այլապես մեր քաղաքացին հերթական անգամ կվճարի կառավարման բոլոր թերացումների եւ ոչ կոմպետենտ տնտեսվարման հետեւանքով առաջացած բացթողումների համար, ինչը ոտնահարում է ՀՀ քաղաքացու` արժանապատիվ կյանք վարելու սահմանադրական իրավունքը»:

Հիշեցնենք, որ այսօրվանից քաղաքացիները Երեւանում տրոլեյբուսով երթեւեկելու համար պետք է վճարեն 100 դրամ՝ նախկինի  50-ի փոխարեն, իսկ ավտոբուսներով կամ միկրոավտոբուսներով  երթեւեկելու համար 150 դրամ՝ նախկինի 100-ի փոխարեն:

Քաղաքապետարանի այս որոշումն ընդվզում է առաջացրել, սոցիալական ցանցերում ձեւավորված մի շարք խմբեր ու նախաձեռնություններ դեռ երեկվանից բողոքի ակցիաներ են անցկացրել Երեւանի քաղաքապետարանի մոտ, այնուհետեւ մայրաքաղաքի փողոցներում թռուցիկներ են բաժանել «Չեմ վճարել 150 դրամ» գրությամբ: