Ադրբեջանի իշխանությունները մամուլն իրենցով անելու փորձված մեթոդին են դիմել՝ տարրական կաշառքին։
Դրա դրսեւորումներից մեկը լրագրողներին բնակարանով ապահովելու PR-քայլն էր։ Լրագրողների համար բնակելի շենքի բացման արարողությանը մասնակցել է Իլհամ Ալիեւը։ Բացման արարողությանը նախորդել է այցելությունը Հեյդար Ալիեւի շիրիմին։
Հիշեցնելով, որ Ադրբեջանում համաշխարհային պրակտիկայում առաջին անգամ կառուցվել եւ շահագործման է հանձնվել լրագրողների շենք, Ալիեւ կրտսերը խոստովանել է, որ լրագրողներն իրենց աշխատավարձով ի վիճակի չեն բնակարան գնելու։ Նա նաեւ նկատել է, որ լրագրողները ղարաբաղյան հիմնախնդիրն արտերկրյա լրատվամիջոցներում լուսաբանելու «պատվավոր առաքելությունն են իրականացնում»: Ալիեւը մասնակցել է նաեւ լրագրողների համար նախատեսված մեկ այլ շենքի հիմնարկեքի արարողությանը եւ չի բացառել ապագայում այդ տարածքը լրագրողական քաղաքի վերածելը:
Ավելորդ է նշել, որ «լրագրողների շենքը» նախատեսված է ադրբեջանական մամուլի հատուկ կաստայի՝ իշխանամետ լրագրողների համար: Հոկտեմբերին կայանալիք Ադրբեջանի նախագահի ընտրությունների համատեքստում առավել քան ակնհայտ է լրատվամիջոցներին ուղղված ռեւերանսի իրական իմաստը:
Միաժամանակ, հիշեցնենք, որ «մամուլի հանդեպ այսքան հոգատար» Ադրբեջանում 84 լրատվամիջոցներ Տպագրության խորհրդի «սեւ ցուցակում» են: Եթե 2008թ. թերթերի եւ ամսագրերի «սեւ ցուցակում» 36, ապա 2009-ին՝ 94, իսկ 2010-ին՝ 110 լրատվամիջոցներ էին: Ադրբեջանի ազգային տպագրության 135-ամյակի կապակցությամբ 26 թերթեր եւ ամսագրեր հանվել էին սեւ ցուցակից: Հետագա տարիներին եւս 14 թերթեր էին հանվել:



























