Արեւմտյան Վրաստանի Զուգդիդիի եւ Ցալեջիխի շրջաններում (Սամեգրելո-Զեմո Սվանեթիա) հորդառատ անձրեւների հասցրած վնասը գերազանցել է մեկ մլն լարին (մոտ 600 հազար դոլար): Այս մասին հաղորդում է Վրաստանի հանրային հեռարձակողի առաջին ալիքը՝ վկայակոչելով Ցալեջիխի շրջանի ղեկավար Գոգա Գուլորդավային:
Հուլիսի 19-ին հորդառատ անձրեւներից Սամեգրելոյի մի շարք գյուղերի տների առաջին հարկերը ջրի տակ են մնացել: Տների վրա ճաքեր են հայտնվել, ոչնչացել են մշակաբույսերը, սատկել են ընտանի կենդանիները:
Գուլորդավայի խոսքով՝ արդեն վերականգնվել է Չկվա-Լերսի ավտոճանապարհը:
«Ընդհանուր առմամբ վնասն անցել է մեկ մլն լարիից: Այդ ճանապարհը իրար է կապում մի քանի բնակավայրեր եւ դեպի շրջկենտրոն ամենակարճ ճանապարհն է: Ելնելով դրանից, շատ կարեւոր էր դրա վերականգնումը: Երկու օր անընդմեջ աշխատանքի արդյունքում երթեւեկությունը վերականգնվել է»,-հայտարարել է Գուլորդավան, հաղորդում է Newsgeorgia.ru-ն:




























