Մոսկվայում սիրային դրամա է տեղի ունեցել, երբ 18-ամյա ուսանողուհին ինտիմ ժամադրության ժամանակ դանակահարել է իր սիրեցյալին եւ վերցնելով երիտասարդի նոութբուքն ու հեռախոսը, լքել է հանցագործության վայրը՝ թողնելով հետեւյալ գրությունը. «Նրա սերը մեղք է»:
Ավելին, երիտասարդ աղջիկը այդ հանցագործությունից մի քանի օր հետո սոցիալական ցանցերում հանգիստ շփվել է սպանվածի ընկերների հետ:
Քննության տվյալներով՝ երիտասարդը քոլեջի ուսանողուհու հետ ծանոթացել է մոտ մեկ շաբաթ առաջ: Աղջիկը բանաստեղծություններ է գրել եւ նույնիսկ տարբեր մրցույթներում մրցանակներ ստացել դրանց համար: Այդ չարաբաստիկ գիշերը բանաստեղծուհին հյուր է գնացել իր ընկերոջը եւ սիրային հանդիպման ժամանակ անհայտ պատճառներով մի քանի անգամ խոհանոցային դանակով հարվածել է երիտասարդին, հաղորդում է ԵվրոՍՄԻ-ն:
Երիտասարդը կարողացել է դուրս պրծնել աղջկա ձեռքից եւ օգնություն կանչել, սակայն հարեւանները, որոնք լսել են բղավոցները, ոչ ոստիկանություն են զանգահարել, ոչ՝ «Շտապօգնության» ծառայություն: Սպանվածի մարմինը միայն մի քանի օր անց հայտնաբերել են նրա ընկերը: Դատաբժշկական փորձաքննության տվյալներով՝ երիտասարդի մահը վրա է հասել դանակի բազմաթիվ հարվածների հետեւանքով:
Ներկայումս աղջիկը կալանավորվել է, նա մեղադրվում է սպանության հոդվածով:




























