Օրերս Cornell համալսարանը, INSEAD բիզնես-դպրոցն ու Համաշխարհային Մտավոր Սեփականության Կազմակերպությունը (WIPO) հրապարակել են The Global Innovation Index-ը, որում հայաստանը զգալի առաջընթաց է գրանցել:

Սակայն Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը թերահավատորեն է վերաբերում այդ վարկանիշին: Ստորեւ ներկայացնում են NEWS.am-ի հարցազրույցը Կ. Վարդանյանի հետ:

Պրն. Վարդանյան, որքանո՞վ է կարեւոր The Global Innovation Index-ը Հայաստանի համար:

Թվում է՝ ինովացիայի անաչառ վարկանիշ է, բայց վերլուծելիս համոզվում ես, որ քաղաքականացված վարկանիշ է, ու իրապես չի արտահայտում ինովացիայի վիճակը: Դա հատկապես երեւում է այնպիսի երկրների օրինակով, ինչպիսիք են Չինաստանը, Իրանը, Բելառուսը, Ռուսաստանը, որոնք զարգացած ՏՏ ոլորտ ունեն, բայց հայտնվել են ցածր դիրքերում: Խորամանկությունը նրանում է, որ բացի նորարարությանը ուղղակի վերաբերող ցուցանիշներից (գիտնականների քանակ, իրականացվող հետազոտություններ եւ այլն) ներառվում են նաեւ քաղաքական բնույթի ցուցանիշներ, ինչպես՝ քաղաքական դաշտ, օրենսդրական դաշտ, քաղաքական կայունություն; Դրանք թվային գնահատականներ չունեն, գնահատվում են, այսպես կոչված, փորձագետների կողմից եւ ոչ օբյեկտիվ գնահատականներով խեղաթյուրում են վարկանիշը:

Եթե ավելի կոնկրե՞տ:

Հայաստանի քաղաքական միջավայրը գնահատված է 57 միավոր, իսկ Չինաստանինը՝ 39 միավոր, Հայաստանում մամուլի ազատությունը 72 միավոր է, Չինաստանում՝ 27 միավոր, օրենսդրական դաշտը՝ համապատասխանաբար 70 եւ 50, եւ բազմաթիվ նման խեղաթյուրումներ: Կամ Բելառուսից կիլոմետրերով ետ ենք ինովացիայի եւ տեխնոլոգիայի զարգացվածության աստիճանով, բայց այս վարկանիշով շատ առաջ ենք: Եթե մեզ հրամցնում են վարկանիշ, որ Բելառուսից շատ առաջ ենք, ուրեմն դա ընդամենը սրիկայություն է եւ քաղաքական կոնյուկտուրային  տուրք տալու արդյունք: Բելառուսում տեխնոլոգիական ձեռնարկությունները բոլոր հարկերից ազատված են, սակայն օրենսդրական կարգավորումը գնահատված է 45՝ մեր 70-ի համեմատ: Բիզնես միջավայրը մեզ մոտ ավելի շատ միավորներ է հավաքել այն դեպքում, երբ Բելառուսի 1 տեխնոպարկի հասույթը գերազանցում է Հայաստանի ողջ ՏՏ ոլորտի հասույթին: Բայց երբ իջնում ենք իրական թվերին, որ իսկապես նկարագրում են գիտությունն ու տեխնիկան, տեսնում ենք որ ավարտած մասնագետների քանակի գնահատականը մեզ մոտ 26 է, Բելառուսում 47, գիտահետազոտական աշխատանքները մեզ մոտ 6,5 է գնահատված, Բելառուսում՝ 12,8, գիտահետազոտական աշխատանքների վրա հիմնական ծախսերը մեզ մոտ 5.8 է, Բելառուսում 14.9, ՏՏ հասանելիությունն այնտեղ 60 է, մեզ մոտ՝ 40, ՏՏ օգտագործմամբ համարյա կրկնակի գերազանցում են: Սրանք թվեր են, որ չեն կարող կեղծել, որովհետեւ իրական թվեր են: Ակնհատ է, որ այն ցուցանիշները, որ իրական թվերի վրա են ու ցույց են տալիս ինովացիայի վիճակը՝ ճիշտ է ներկայացված, սակայն պատկերը խեղաթյուրելու համար ավելացրել են քաղաքական գնահատականներ, ու այդպես իրենց չսիրած երկրներին ետ են մղել: Սրա շնորհիվ ենք առաջ ընկել: 

Բայց միթե քաղաքական դաշտն ընդհանրապես չի ազդում ինովացիայի վիճակի վրա:

Կապ ունի իհարկե, բայց այս վարկանիշը օբյեկտիվ գնահատական չի տալիս: Ասում է՝ Հայաստանն ավելի կայուն է, քան Բելառուսն ու Չինաստանը, բայց ինչի՞ հիման վրա է ասում, որտեղ է՞ դա երեւում; Ցանկացած լուրջ մարդ, եթե վերլուծի այս աղյուսակը, կհամոզվի որ սուտ է, ու մեր լավագույն լինելուն չի հավատա: Սա ավելի շատ քաղաքական PR ռեսուրս է, որը մեզ ոչինչ չի տալիս:

Եթե գնահատենք զուտ ինովացիոն գործոնները, Հայաստանը ո՞ր տեղում կհայտնվի:

Նայենք երկու հիմնական գործոններ: Մարդկային կապիտալ եւ հետազոտություն ենթաինդեքսը՝ Հայաստանը 71-րդ տեղում է: Միեւնույն ժամանակ կարգավորման միջավայրը (political environment) գնահատվել է բարձր ու Հայաստանը 51-րդ տեղում է: Հետազոտություններ եւ մշակում (Research and development (R&D)) ենթաինդեքսում, որը իրապես գնահատում է վիճակը ինովացիայում, մենք 74-րդ տեղում ենք՝ զիջելով Ուկրաինային, Ռուսաստանին, Բելառուսին, նույնիսկ Իրանին: 

Այս վարկանիշում Հայաստանի առավելություններից է հեշտ բիզնես սկսելը, սակայն հեշտ գրանցելը դեռեւս հեշտ բիզնես սկսել չի նշանակում: Առաջ ենք նաեւ ուսուցիչ-աշակերտ հարաբերակցությամբ, որը նույնպես ոչինչ չի տալիս: Միկրովարկեր հատկացնողների քանակով ենք առաջ՝ սա եւս ծիծաղելի է: Նշել են, որ հեշտ է պաշտպանել ներդրողներին՝ եւս կասկածելի է: Մեր թույլ կողմերն են՝ վենչուրային կապիտալի բացակայությունը, շուկայի կապիտալիզացիան, լավագույն 3 համալսարանների միջին միջազգային վարկանիշը զրոյին մոտ է եւ այլն: