Մաշտոցի պուրակում այսօր` հուլիսի 22-ին, ժամը 20.30-ին սկսվեց «Չենք վճարելու 150 դրամ» նախաձեռնող խմբի հերթական հավաք-հանդիպումը (ֆոտոռեպորտաժ):
Մինչ Մաշտոցի պուրակում հավաքվելը, երիտասարդներ, հայտնի անձինք եւ պարզապես ակտիվիստներ Երեւանի տարբեր փողոցներում ակցիաներ են անցկացրել, թռուցիկներ բաժանել, մարդկանց կոչ արել չվճարել 150 դրամ, իսկ ոմանք իրենց մեքենայով անվճար իրականացրել են մարդկանց տեղափոխումը:
Ոստիկանները հսկում են ակտիվիստների ակցիաները, հորդորում չփակցնել պաստառներ` պատճառաբանելով, թե քաղաքացիներից ահազանգեր են ստացել: Օպերայի հարակից տարածքում ոստիկանները փորձել են բերման ենթարկել երիտասարդներից մեկին, սակայն «Չենք վճարելու 150 դրամ» ակցիայի մասնակիցները, ի նշան բողոքի, նստել են գետնին, փակել ոստիկանական մեքենայի ճանապարհը եւ թույլ չեն տվել ակտիվիստին տեղափոխել ոստիկանական բաժանմունք:
Այժմ Մաշտոցի պուրակում հավաքվել են նախաձեռնող խմբի անդամները, քաղաքացիներ եւ քննարկում են պայքարի հետագա քայլերը: Վաղը` հուլիսի 23-ին, եւս Երեւանի տարբեր փողոցներում, ինչպես նաեւ քաղաքապետարանի դիմաց, նախատեսված է բողոքի ակցիա:




























