Ժողովուրդը նոր ուժի է սպասում, որովհետեւ նախորդ ուժերը տարիների ընթացքում իրենց դեմքը ցույց են տվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Սասուն» ջոկատի հրամանատար, նախկին ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը:
Պարոն Միքայելյան, սոցիալական վատթարացող իրավիճակը, փոխշաղկապված թանկացումները քաղաքացիական տարբեր խմբերի ոտքի են հանել, սակայն նրանց միավորող եւ առաջնորդող քաղաքական ուժ չկա: Նման իրավիճակում ինչի՞ կարող է հանգեցնել նրանց պայքարը:
Այս տարիների ընթացքում բոլորին մասնատել են, որ տիրեն եւ դա նրանց հաջողվել է: Բայց այսպես այլեւս հնարավոր չէ: Մարդիկ արդեն գոյատեւման հարցի առաջ են կանգնած, չեն կարողանում ապրել, հետեւաբար առաջիկայում անպայման կծնվի թե սոցիալական բունտ, թե առաջնորդող ուժ:
Ցանկանում եք ասել, որ առաջիկայում նոր քաղաքական ո՞ւժ է ասպարեզ գալու:
Այո առաջիկայում ասպարեզ կգա մի նոր քաղաքական ուժ, որը կմիավորի ժողովրդին ու պայքարը կհասցնի իր տրամաբանական ավարտին:
Ասում են, որ ՀԱԿ-ը հիասթափված է ԲՀԿ-ից եւ աշնանը բարձրացնելու է Սերժ Սարգսյանի իմպիչմենթի հարցը: Խոսքը ա՞յդ, թե՞ մեկ այլ ուժի մասին է:
Դրանով ոչ մի հարց չի լուծվի: Ժողովուրդը նոր ուժի է սպասում, որովհետեւ այդ ուժերը տարիների ընթացքում իրենց դեմքը ցույց են տվել: Եթե նոր ուժ ձեւավորվի, ժողովուրդը կհամախմբվի: Խոսքն այն մարդկանց մասին է, ովքեր այս տարիների ընթացքում իրենց դեմքը չեն կորցրել մնացել են իրենց սկզբունքներին հավատարիմ: Նման մարդկանցով կարծում եմ շատ կարճ ժամանակահատվածում կձեւավորվի այդ ուժը:
Խոսքը ՀԱԿ-ից հիասթափված եւ դուրս եկած ուժերի մասի՞ն է:
Կապ չունի, թե որ կառույցից են դուրս եկել: Խոսքը այն մարդկանց մասին է, որոնք այս տարիների ընթացքում մտածել են ժողովրդի, մեր երկրի ապագայի եւ մեր պետականության ամրապնդման համար:
Ինչպես հասկացա Դուք պատրաստ եք առաջնորդել ժողովրդին:
Ես միշտ պատրաստ եմ եղել ու հավատարիմ եմ մնացել ժողովրդին՝ լինելով նրա կողքին: Այստեղ խոսքը ոչ թե առաջնորդ լինելու մասին է, այլ ցանկանում եմ նոր ուժ ձեւավորվի, որին մարդիկ կհավատան եւ կվստահեն, որ երկրում նոր ընդդիմություն է ձեւավորվելու, որը իր գործը հասցնելու է հաղթական ավարտին:
Այսինքն` իշխանափոխությունը դեռ իրատեսակա՞ն եք հավատում:
Հիմա ես եմ հարց տալիս. իսկ այլ կերպ հնարավո՞ր է: Եթե այսպես շարունակվի մենք կորցնելու ենք, թե մեր պետականությունը, թե մեր ժողովրդին: Առավելեւս թշնամին միշտ պատրաստ է հարձակման: Հաղթանակած ժողովրդի ազատամարտիկները այսօր բողոքի ցույցեր են անում: Աստված չանի, եթե վաղը մյուս օրը պատերազմ լինի, այսօրվա, ապագա, սերունդը ինչի՞ համար է գնալու կռվելու: Մարդկանց հոգեբանությունը պետք է փոխվի, հավատը պետք է վերականգնվի: Ստացվում է մենք ամեն ինչ արեցինք, որ որոշ մարդիկ հարստանան: Դա էր ամբողջ իմաստը: Կարծես ազգի մեջ նոր ազգ է ծնվել: Մի չնչին մաս, որոնց հնարավորություն, արտոնություն են տվել, ճնշում են սեփական ժողովրդին, ինչի արդյունքում մարդիկ արտագաղթի ճանապարհն են բռնել: Այսքանից հետո ժողովուրդը դեռ չըմբոստանա՞:
Պարոն Միքայելյան Ռուսաստանում տեղի ունեցած ողբերգական վթարից հետո, երբ հայ վարորդին կանացի խալաթով դատարան տարան, շատերը դա Հայաստանին ուղղված քաղաքական ապտակ համարեցին, սակայն մեր բարձրաստիճան պաշտոնյաները պաշտոնապես չարձագանքեցին: Ինչո՞վ է պայմանավորված նրանց լռությունը:
Ես չեմ ցանկանում զուգահեռներ անցկացնել, բայց տեսեք, Ադրբեջանը Սաֆարովի հետ կապած թքեց միջազգային հանրության վրա եւ այդ մարդուն հետ տարավ իր երկիր եւ դարձրեց հերոս: Բայց Հրաչիկը, ով այդքան տարիներ պատերազմել, կռվել է ու գնացել է որդու շիրմաքարի համար Ռուսաստանում գումար աշխատելու, այսօր մեր ԱԳՆ-ն վախենում մի բառ ասել նրա պաշտպանության համար: Չէ որ դժբախտ պատահար է եղել իր կամքից անկախ: Ես արդեն չեմ հասկանում, թե այս իշխանություններն ինչ ազգ են:
Շատերը վերը նշված միջադեպին քաղաքական ենթատեքստ են տալիս եւ նույնիսկ չեն բացառում պատերազմի վտանգը: Որպես պատերազմում հաղթանակած քաղաքական գործիչ, Դուք ի՞նչ վտանգներ եք տեսնում:
Եվրասիական միության եւ Եվրոպայի հարց է առաջ ընկել եւ Հրաչիկի դեպքով Ռուսաստանի իշխանությունները կարծես հաթաթա են տալիս: Մինչեւ սեպտեմբեր դեռ շատ ճնշումներ կլինի Ռուսաստանի կողմից:
Անգամ հնարավոր է, որ հրադադարի խախտումնե՞ր լինեն:
Ո՞նց կարող է բացառվել. ես պատերազմից եմ խոսում, դու՝ հրադադարից: Չի բացառվում, որ Ադրբեջանը պատերազմ սկսի: Մենք միշտ պետք է պատրաստ լինենք պատերազմին, թե մեր աշխարհագրական դիրքով, թե շրջապատված դարավոր թշնամիներով: Բայց նախ մենք պետք է որպես պետություն հանդես գանք, թե Եվրոպայում, թե Արեւմուտքում, թե Ռուսաստանում: Այսօր ինչ ստրատեգիական օբյեկտներ ունենք, Ռուսաստանի ձեռքում է` գույք պարտքի դիմաց, տո չգիտեմ իրենց պաշտոնը պահելու դիմաց ամեն ինչ տվեցին Ռուսաստանին: Մի ժամանակ ասում էին ֆուտբոլային դիվանագիտություն, իսկ այսօր Հայաստանը սարքել են ֆուտբոլի գնդակ տշում են այս անկյունից այն անկյունը:
Իսկ ստեղծած իրավիճակից դուրս գալու տարբերակներ ունե՞նք:
Անկասկած, շուտով կտեսնենք: Բայց այս պահին միայն այսքանը:
Զրուցեց Տաթեւ Մեսրոպյանը





























