Ուղեվարձի թանկացումը կհանգեցնի Հայաստանից արտագաղթի նոր ալիքի: Լրագրողներին հուլիսի 23-ին նման կարծիք է հայտնել «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ-ի նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանը:

«Տարեկան կորցնում ենք 70-90 հազար մարդ: Հեռանում է հիմնականում երիտասարդությունը: Դա նշանակում է, որ բնակչությունը ծերանում է: Թոշակառուների բաժինը հասել է 20 տոկոսի, ծնելիությունը կտրուկ նվազել է: Մեզ մոտ ծնելիության գործակիցը 1,5 է՝ 2,1-ի փոխարեն, որն անհրաժեշտ է պարզ վերարտադրության համար»,-ընդգծել է Դանիելյանը:

Նրա խոսքով՝ այս ամենը Հայաստանին դրդում է ինքնաոչնչացման, երբ հնարավոր չէ պատկերացնել, թե ինչպես իրավիճակը դեպի լավը փոխել: Վերջին ժամանակների միակ լուսավոր տպավորությունը թողել է երիտասարդության բողոքը: «Դա թույլ է տալիս հուսալ, որ անկախության սերունդը կկարողանա պայքարել իր արժանապատվության համար»,-եզրափակել է Կարինե Դանիելյանը: