Որեւէ թանկացում ոչ մեկի համար հաճելի չէ` ոչ հանրության, ոչ քաղաքապետարանի եւ ոչ էլ համապատասխան բոլոր կառույցների համար: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության անդամ Սամվել Նիկոյանը` անդրադառնալով տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ Երեւանում վերջին օրերին սկսված բողոքի ակցիաներին:

Նա շեշտեց, որ ակնհայտ է, եւ բոլորը հասկանում են, որ վերջին 10 տարուց ավել տրանսպորտի ուղեվարձի որեւէ թանկացում չի եղել, «մի օր էլ պետք է հերթը հասներ դրան, բայց արդյոք կա հաշվարկ, որ անհրաժեշտ էր 50 տոկոսով թանկացնել ուղեվարձը»: «Դա այն խնդիրն էր, որը կարեւոր է, բայց դրան կարող են պատասխանել միայն մասնագետները եւ պատասխանատուները, միգուցե 50 տոկոսով չպե՞տք է թանկանար: Կարծում եմ, որ բոլորի հետ էլ որ նստես եւ լուրջ փորձես հասկանալ գնագոյացումը, բոլորի մոտ էլ կա տեսակետը, որ միգուցե որոշ չափով թանկացման անհրաժեշտությունը կա: Ես կարծում եմ, որ ամեն ինչ պետք է լինի օրինականության սահմաններում, եթե հասարակության մոտ կա խնդիր, պետք է դրանք լսել եւ քննարկում իրականացնել` հասկանալով հանդերձ, որ, իհարկե, սրա շարժիչ ուժը ոչ միայն հասարակական դժգոհությունն է, այլ կլինեն քաղաքական ուժեր, որ անպայմանորեն այս առիթից կօգտվեն, դրա համար անհրաժեշտ է հրապարակային քննարկում եւ հասարակությանը բացատրվի, հասարակությանը ձայնը լսելի լինի»,- ասաց Սամվել Նիկոյանը:

ԱԺ պատգամավորն ասաց, որ ինքը չի կարող տեսակետ հայտնել եւ ասել` արդյոք անհրաժեշտ էր 50 տոկոսով ուղեվարձի թանկացում, թե ոչ, որովհետեւ այդ ոլորտի մասնագետ չէ, «պետք է պատասխանատուները ապացուցեն, թե ինչու է անհրաժեշտ այդքան թանկացնել»:

Սամվել Նիկոյանը նորմալ է վերաբերում նաեւ այն հանգամանքին, որ Երեւանի ավագանին արտահերթ նիստում քննարկի այդ հարցը. «Դա իրենց խնդիրն է, իրենք պետք է քննարկեն, ամեն դեպքում այս խնդիրը լուծվեր ոչ թե քաղաքական մրցակցության կամ պայքարի, կամ մեկին ջարդելու, հաղթելու ենթատեքստով, այլ հանրության շահերից ելնելով: Իսկ հանրության շահերը ենթադրում են նորմալ տրանսպորտային սպասարկում, իհարկե, առաջնային է էժան սակագինը, բայց հանրության շահերից է բխում նաեւ որակյալ սպասարկումը: Սոցիալական բունտը ովքեր որ դա հնչեցնում են, իրենց երազանքն է»,- ասաց պատգամավորը:

Նա նշեց, որ կազմակերպվող բողոքի ակցիաներին պետք է վերաբերել նորմալ` որպես հասարակության մեջ որեւէ որոշման վերաբերյալ դժգոհության արտահայտություն:

«Սա նորմալ երեւույթ պետք է դիտարկել, որոշ քաղաքական ուժեր դա կփորձեն օգտագործել, դա ուրիշ հարց է, բայց այսօրվա մեր հասարակության մեջ կան մարդիկ, որոնք ուզում են բողոք ներկայացնել, կարծում եմ, որ քաղաքապետը շատ շատ հարցերում է հասարակական տեսակետը հաշվի առել եւ սա էլ կարող է լսելի լինի քաղաքապետարանի կողմից»,- ասաց Սամվել Նիկոյանը:

Հիշեցնենք, որ հուլիսի 20-ից  քաղաքացիները Երեւանում տրոլեյբուսով երթեւեկելու համար պետք է վճարեն 100 դրամ՝ նախկինի  50-ի փոխարեն, իսկ ավտոբուսներով կամ միկրոավտոբուսներով  երթեւեկելու համար 150 դրամ՝ նախկինի 100-ի փոխարեն: Քաղաքապետարանի այս որոշումը առաջացրել է ընդվզում, սոցիալական ցանցերում ձեւավորված մի շարք խմբեր, նախաձեռնություններ բողոքի ակցիաներ են անցկացնում Երեւանի քաղաքապետարանի մոտ, այնուհետեւ մայրաքաղաքի փողոցներում թռուցիկներ բաժանում «Չեմ վճարել 150 դրամ» գրությամբ: Այս ակցիաների առնչությամբ ոստիկանությունը հաղզորդագրություն է տարածել եւ կոչ արել հարգել համակեցության կանոնները եւ ձեռնպահ մնալ  երթեւեկության  յուրաքանչյուր մասնակցի իրավունքները խոչընդոտելուց, իսկ այն անձինք, ովքեր  ոստիկանության դրսեւորած  հանդուրժողականության պայմաններում հանդգնել են խախտել օրենքի պահանջները,  կհայտնաբերվեն  ու կենթարկվեն պատասխանատվության:

Նշենք նաեւ, որ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մարտին քարոզարշավի ժամանակ հայտարարել էր, թե երեւանցիները կարող են հանգիստ լինել, տրանսպորտի ուղեվարձը չի թանկանալու: