Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Հանքավանի «Լուսաբաց» եւ «Հասմիկ» ճամբարներ` սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին հանդիպելու նպատակով: Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, թե ճամբարներում հանգստացող երեխաները Տիգրան Սարգսյանին դիմավորել են իրենց պատրաստած պարային երաժշտական ելույթներով:
Կառավարության ղեկավարը շրջել է ճամբարներում, ծանոթացել հանգստի եւ սննդի պայմաններին, զրուցել երեխաների հետ, հետաքրքրվել նրանց առօրյայով: Վարչապետին ուղեկցել են ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, ՀՀ Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը:
Ամեն տարի ՀՀ կառավարությունն իրականացնում է սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների ամառային հանգստի կազմակերպման ծրագիր` Հանքավանի «Հասմիկ», «Լուսաբաց», «Արագած», «Հեքիաթային կիրճ» եւ Ծաղկաձորի «Աղբյուր» ճամբարներում: Տարեկան ծրագրին մասնակցում է 3000 երեխա, որոնց հանգիստն իրականացվում է 2 հերթափոխով` յուրաքանչյուրը 20 օր տեւողությամբ: Աշխատանքը կազմակերպվում է ՀՀ վարչապետի որոշմամբ` միջգերատեսչական հանձնաժողովի կողմից: Երեխաների ցուցակները ներկայացվում են ՀՀ մարզպետարանների եւ Երեւանի քաղաքապետարանի կողմից:





























