«Չենք վճարելու 150 դրամ» նախաձեռնության մասնակիցները Երեւանի Օպերային հարակից տարածքում շարունակում են իրենց ակցիան, որոնց են միանում նորանոր երիտասարդներ ու ուսանողական խմբեր:

Նրանք բաժանվել են մի քանի խմբերի եւ այդ տարածքում գտնվող բոլոր կանգառներում անցող երթուղայինների ու ավտոբուսների վրա փակցնում են «Վճարել 100 դրամ» գրության թղթեր են փակցնում, իսկ ուղեւորներին հորդորում են վճարել միայն 100 դրամ:

Ոստիկաններն իրենց հերթին, շղթա են կազմել եւ հնարավորինս փորձում են կանխել, որպեսզի ակցիայի մասնակիցները թռուցիկները փակցնեն երթուղայինների վրա, իսկ փակցվածները՝ պատռում են:

Ակտիվիստների ու ոստիկանների միջեւ ժամանակ առ ժամանակ վիճաբանություններ են տեղի ունենում:

Բացի այդ, տարբեր մեքենաների (սկսած տաքսիներից մինչեւ թանկարժեք մեքենաներ) վարորդները կանգնում են, կանգառում կանգնածներին հարցնում, թե որ ուղղությամբ են գնում եւ տեղափոխում են նրանց: Ոստիկանները սիրով բարձրաձայն կրկնում են ուղղությունը եւ մարդկանց ուղեկցում դեպի այդ մեքենաները:

Հատկանշական է, որ շատ հաճախ երթուղայիններում ու ավտոբուսներում գտնվող ուղեւորները չեն սպասում որ ակտիվիստները իրենց կոչ անեն, եւ իրենք են ներսից վանկարկում. «հարյուր, հարյուր»: