Երեւանի ավագանու իրավական հարցերով հանձնաժողովի նիստ է նշանակված այսօր` հուլիսի 23-ին, ժամը 17.00-ին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը: Նա նշեց, որ իրենք ուղերձ են պատրաստել, որով կոչ են անում թանկացումների վերաբերյալ որոշումը չեղյալ ճանաչել: «Այդ ուղերձը մեր անդամները` Ստեփան Սաֆարյանը եւ Արթուր Գասպարյանը, օրակարգ էին ցանկանում մտցնել; 17.40 էր, երբ դուրս եկա, նիստը չէր սկսվել, քանի որ հանձնաժողովի նախագահը չէր եկել, հիմա չգիտեմ ինչ եղավ` նիստը կայացավ, թե ոչ»,-փոխանցեց Ստեփան Սաֆարյանը:
Ի դեպ, «Բարեւ Երեւանը» եւ ԲՀԿ-ն դիմում են գրել եւ խնդրել արտահերթ նիստ հրավիրելու համար անհրաժեշտ ձեւաթուղթ տրամադրել, որպեսզի 2 օրվա ընթացքում սկսեն ստորագրահավաք ավագանու արտահերթ նիստ հրավիրելու պահանջով:
Հիշեցնենք, որ հուլիսի 20-ից քաղաքացիները Երեւանում տրոլեյբուսով երթեւեկելու համար պետք է վճարեն 100 դրամ՝ նախկինի 50-ի փոխարեն, իսկ ավտոբուսներով կամ միկրոավտոբուսներով երթեւեկելու համար 150 դրամ՝ նախկինի 100-ի փոխարեն: Քաղաքապետարանի այս որոշումը առաջացրել է ընդվզում, սոցիալական ցանցերում ձեւավորված մի շարք խմբեր, նախաձեռնություններ բողոքի ակցիաներ են անցկացնում Երեւանի քաղաքապետարանի մոտ, այնուհետեւ մայրաքաղաքի փողոցներում թռուցիկներ բաժանում «Չեմ վճարել 150 դրամ» գրությամբ: Այս ակցիաների առնչությամբ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել եւ կոչ արել հարգել համակեցության կանոնները եւ ձեռնպահ մնալ երթեւեկության յուրաքանչյուր մասնակցի իրավունքները խոչընդոտելուց, իսկ այն անձինք, ովքեր ոստիկանության դրսեւորած հանդուրժողականության պայմաններում հանդգնել են խախտել օրենքի պահանջները, կհայտնաբերվեն ու կենթարկվեն պատասխանատվության:
Նշենք նաեւ, որ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մարտին քարոզարշավի ժամանակ հայտարարել էր, թե երեւանցիները կարող են հանգիստ լինել, տրանսպորտի ուղեվարձը չի թանկանալու:





























