Երեւանի ավագանու իրավական հարցերով հանձնաժողովի այսօր հրավիրված նիստին  հանձնաժողովի նախագահը հարցրել է` «բայց ուր է տրանսպորտի ուղեվարձի թանկացման մասին որոշումը»:Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Դավիթ Սանասարյանը:

«Ասում է` եկել եք, որոշում եք ուզում քննարկենք, բայց մենք չգիտենք` ինչ որոշման մասին է խոսքը: Դուք թուղթ պետք է ներկայացնենք, թե ինչ որոշման մասին է խոսքը: Ոչ ոք չգիտի` նման որոշում գոյություն ունի, թե ոչ: Քանի որ իրավական հանձնաժողովի նախագահը ասում է, թե ինչ որոշման մասին է խոսքը, էլ մենք ի՞նչ ասենք»,- ասաց Դավիթ Սանասարյանը` շեշտելով, որ պետք է պարզել` ո՞ւր է որոշումը, նման որոշում կա՞, թե՞ ոչ:

Ի դեպ, Երեւանի ավագանու իրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահը ՀՀԿ խմբակցության անդամ Ենոք Ազարյանն է:

Հիշեցնենք, որ հուլիսի 20-ից  քաղաքացիները Երեւանում տրոլեյբուսով երթեւեկելու համար պետք է վճարեն 100 դրամ՝ նախկինի  50-ի փոխարեն, իսկ ավտոբուսներով կամ միկրոավտոբուսներով  երթեւեկելու համար 150 դրամ՝ նախկինի 100-ի փոխարեն: Քաղաքապետարանի այս որոշումը առաջացրել է ընդվզում, սոցիալական ցանցերում ձեւավորված մի շարք խմբեր, նախաձեռնություններ բողոքի ակցիաներ են անցկացնում Երեւանի քաղաքապետարանի մոտ, այնուհետեւ մայրաքաղաքի փողոցներում թռուցիկներ բաժանում «Չեմ վճարել 150 դրամ» գրությամբ: Այս ակցիաների առնչությամբ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել եւ կոչ արել հարգել համակեցության կանոնները եւ ձեռնպահ մնալ  երթեւեկության  յուրաքանչյուր մասնակցի իրավունքները խոչընդոտելուց, իսկ այն անձինք, ովքեր  ոստիկանության դրսեւորած  հանդուրժողականության պայմաններում հանդգնել են խախտել օրենքի պահանջները,  կհայտնաբերվեն  ու կենթարկվեն պատասխանատվության: Նշենք նաեւ, որ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մարտին քարոզարշավի ժամանակ հայտարարել էր, թե երեւանցիները կարող են հանգիստ լինել, տրանսպորտի ուղեվարձը չի թանկանալու: