Հայաստանի ոստիկանությունը քրեական գործ է հարուցել երեկ՝ հուլիսի 22-ին Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ:
Ոստիկանության հաղորդագրության մեջ ասվում է. «2013 թ. հուլիսի 22-ին, ժամը 20:00-ի սահմաններում, Երեւան քաղաքի Ֆրանսիայի հրապարակի տարածքում` հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման կապակցությամբ անցկացված բողոքի ակցիայի ընթացքում անհայտ անձի կողմից ճանապարհային երթեւեկության անվտանգության եւ հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների նկատմամբ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու փաստի առթիվ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կենտրոնականի քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 316 հոդ. 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
Քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ քր. դատ. օր-ի 57-րդ հոդ. 2-րդ մասով 9-րդ կետի պահանջների համաձայն 2013թ. հուլիսի 23-ին ոստիկանության Կենտրոնականի բաժին են բերման ենթարկվել նշված հանցագործության կատարման մեջ կասկածվող անձինք՝ Սամվել Խաչատրյանը, Վահե Մելքոնյանը, Շանթ Գրիգորյանը, Վիլեն Գաբրիելյանը եւ Մաքսիմ Սարգսյանը:
Նշված անձինք օրենքով սահմանված կարգով հարցաքննվել են եւ ազատ արձակվել»:
Նշենք, որ ՀՀ քր. օր-ի 316 հոդվածը վերաբերում է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելուն:




























