Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի տարածաշրջանային ներկայացուցչի տեղակալ, Հայաստանում ՊԳԿ ներկայացուցիչ Անտոնիո Ալոնզիին:
ԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե նախարարն ընգծել է ՊԳԿ-ի Հայաստանում իրականացվող գյուղատնտեսական 6 ծրագրերի արդյունավետությունը եւ հույս հայտնել, որ տեխնիկական պատճառներով հետաձգված սպանդանոցների արդիականացման ծրագիրը հաջորդ տարի կներառվի ծրագրում:
Սերգո Կարապետյանը շեշտել է կազմակերպության տեխնիկական աջակցմամբ իրականացված ծիրանի գենետիկ ռեսուրսների պահպանման ծրագիրը՝ առաջարկելով քննարկել նաեւ խաղողի գենետիկ ռեսուրսների օգտագործման եւ պահպանման նախագծի հնարավորությունը: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար եւ հավաստիացնելով, որ պատրաստ է հնարավորինս նպաստել ՊԳԿ-ի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի իրականացմանը՝ պարոն Ալոնզին զրուցակցին հայտնել է, որ առիթ է ունեցել լինել իրենց օժանդակությամբ ստեղծված ծիրանի այգում եւ տնկել իր ծիրանենին: Գյուղնախարար Սերգո Կարապետյանը Հայաստանում ՊԳԿ ներկայացուցիչ Անտոնիո Ալոնզիին ներկայացրել է ծիրանի թանգարան հիմնելու գաղափարը՝ նշելով, որ ծիրանի հայրենիք Հայաստանում նրա գոյությունը խորհրդանշական կլինի:




























