Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել դեմ 118 հոդվածի (Ծեծը) հատկանիշներով՝ օրեր առաջ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցած միջադեպի փաստով: Այդ մասին NEWS.am-ին հայտնեց փաստաբան Լուսինե Սահակյանը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում հուլիսի 16-ին, կայացել է Կարեն Եսայանի  սպանության գործով հերթական դատական նիստը, որի ժամանակ միջադեպ է արձանագրվել: «Վարդան Ղուկասյանը արհամարհական էր պահում իրեն, վիրավորական արտահայտություն էր թույլ տալիս մեր հասցեին, հարցաքննության կեսից շուռ եկավ եւ դուրս եկավ դատարանի դահլիճից` վիրավորելով մեզ: Դատարանից դուրս գալուց նրանցից մեկը հարվածել է Հարություն Սարգսյանի հոր` Սամվել Սարգսյանի ոտքին, մենք տեսանք կոշիկի փոշու հետքերը: Սամվել Սարգսյանը դատարանից «Շտապօգնության» մեքենայով տեղափոխվեց հիվանդանոց, այժմ Վերակենդանացման բաժանմունքում է, սրտի հետ խնդիրներ ունի»,- հայտնել էր փաստաբանը:

Լուսինե Սահակյանը նշել էր, որ իրենք միջնորդություն են ներկայացրել Վարդան Ղուկասյանին կանչել դատարան եւ շարունակել հարցաքննությունը: Միջնորդել են նաեւ, որ դատարանը հաղորդում ներկայացնի  հանցագործության մասին, սակայն վերջինս ոչինչ չի ձեռնարկել, եւ Լուսինե Սահակյանը ինքն է  հաղորդում ներկայացրել Շիրակի մարզի դատախազին, որպեսզի քրեական գործ հարուցեն ՔՕ-ի  343-րդ հոդվածի հատկանիշներով (Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք):

Ավելի ուշ՝ հուլիսի 19-ին Հարություն Սարգսյանի հայրը` Անիի նախկին ոստիկանապետ Սամվել Սարգսյանը հաղորդում է ներկայացրել եւ հայտնել, որ անհայտ անձը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում հարվածել է իրեն: Նա նշել էր, թե հիշում է իրեն հարվածողի դեմքը եւ առերեսման դեպքում կճանաչի: