Վերջին շրջանում լրատվամիջոցներում եւ սոցցանցերում բուռն կերպով քննարկվեց Նավասարդ Կճոյանի կողմից «Արարատ» միության հոգեւոր հովվի պաշտոնից Տեր Հակոբ քահանա Խաչատրյանի ազատման հարցը: Այս եւ այլ հարցերի շուրջ NEWS.am-ը զրուցել է Տեր Հակոբի հետ:
Տեր Հայր, «Արարատ» միության նախագահի պաշտոնից Ձեր ազատման հարցի շուրջ քննարկումները այնքան խորացան, որ Սբ. Սարգիս եկեղեցու քահանա Տեր Շահեի կողմից Դուք մեղադրվեցիք եկեղեցին «կուսակցականացնելու եւ կործանելու» մեջ: Այնուհետեւ Տեր Շահեն ասաց, որ կաղոթի Ձեզ համար:
Ինչպիսին է Ձեր վերաբեմունքը:
Նախ կուզեմ նշել, որ ես եղել եմ Արարատյան Հայրապետական թեմի Արարատ միության հոգեւոր հովիվը, եւ ոչ թե նախագահը: Ծառայել եմ ուժերիս ներածին չափով եւ կարծում են, որ գնահատականները ծառայությանս վերաբերյալ ես չէ, որ պետք է կատարեմ: Գնահատականներ կարող են տալ ուրիշները: Ինչ վերաբերում է Տեր Շահեի ասածներին, նախ շնորհակալ եմ ինձ համար աղոթելու` Տեր Շահեի հանձնառության համար: Ես մեղավոր մարդ եմ եւ ինքս էլ աղոթում եմ, որպեսզի Աստված զորացնի ինչպես ինձ, այնպես եւ յուրաքանչյուրին` մեղքի դեմ մեր մաքառման ճանապարհին: Եկեղեցին կուսակցականացնելու եւ կործանելու` ինձ ուղղված վերագրումները թեեւ ինձ համար խիստ զարմանալի ու տարօրինակ են, սակայն այսուհանդերձ, չեմ պատրաստվում հակադարձել եւ արդարանալ, հաշվի առնելով այն պարագան, թե ինչպիսի հանգամանքներում է Տեր Շահեն այդպիսի բնորոշումներ կատարել:
Իսկ ինչպիսին են այդ հանգամանքները.
Պատշաճ չեմ համարում ինքս անդրադառնալ այդ հանգամանքներին: Երեւի թե որոշ ժամանակ հետո Տեր Շահեն ինքը կանդրադառնա:
Ինչպես եք վերաբերվում այն կարծիքին, ըստ որի Դուք չեք ցանկանում Սուրբ Սարգսից Սուրբ Երրորդություն տեղափոխվել, քանի որ այնտեղ սոցիալապես ոչ ապահով մարդիկ են այցելում եւ Դուք գումար վաստակելու քիչ հնարավորություն կունենաք:
Մինչ Սուրբ Սարգիս եկեղեցին ես ծառայել եմ Հայոց Բանակում, Նոր Նորքի Սուրբ Սարգիս, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցիներում: Ներկայումս Սուրբ Երրորդություն եկեղեցու հոգեւոր սպասավոր եմ եւ բնականաբար հնարավոր է, որ ծառայագործության հետագա տարիներին ունենամ նաեւ այլ նշանակումներ: Հոգեւորականի ուխտս եւ կոչումս սուրբ է ինձ համար եւ ոչ մի կերպ չի կարող առնչվել կոնկրետ վայրի հետ: Իսկ դրամի եւ առհասարակ նյութի նկատմամբ իմ եւ ընտանիքիս վերաբերմունքի մասին Դուք կարող եք տեղեկանալ մեզ ճանաչող անձանցից: Ինչու չէ, նաեւ կարող եք այցելել մեր տուն, ուր արդեն միայն բավարարվում ենք կենսականորեն անհրաժեշտ նյութական պայմաններով:
Հայտնի է, որ Դուք եւ Ձեր եղբայրը Կաթողիկոսի համագյուղացիներն եք, եւ ասում են, որ այս պատճառով մշտապես ստանում էք նրա աջակցությունը:
Այո, մենք Ամենայն Հայոց Կաթողիկոսի համագյուղացիներն եք եւ դա մեզ միայն պարտավորցնում է: Իսկ աջակցության մասով ասեմ, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունն ու աջակցությունը ստանում են հավասարապես բոլոր եկեղեցականները:




























