Վերջապես ավարտվեց իմ դեմ սկսած եւ ավելի քան մեկ տարի տեւած անհեթեթ հետապնդումը: Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Հայաստանի նախկին արտգործնախարար, ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանը:

«ՀՀ Ազգային անվտանգության ծառայության՝ այսօր տարածած հաղորդագրության հետ կապված ցանկանում եմ ասել հետեւյալը:

Այս ամենի մեջ ամենակարեւորն այն է, որ ինձ առաջադրված «փողերի լվացման» եւ «փողերի յուրացման» երկու ծանր մեղադրանքները, ինչի արդյունքում ինձ զրկեցին պատգամավորական անձեռնմխելիությունից, հանցակազմի բացակայության պատճառով չեն կարողանում ապացուցել եւ ստիպված են լինում այլ ճանապարհներով գործը կարճել:

Ասեմ, որ ես որեւէ խոստովանություն չեմ արել:

Եթե առաջնորդվենք ԱԱԾ-ի տրամաբանությամբ, ապա ստացվում է, որ հնարավոր է, օրինակ, հափշտակել պետական բյուջեի միջոցներ, դրանք համարել անձնական եկամուտ, դիմել համապատասխան պետական մարմիններին եւ խնդրել այդ գումարների մասով կատարել հարկային պարտավորությունները, եւ քրեական գործը կարճվի:

Իմ նկատմամբ քրեական գործ հարուցելու առաջին օրվանից ես ասել եմ, որ Ջոն Հանթսմանի կողմից ինձ վստահված Սիվիլիթաս հիմնադրամի օգտագործման համար նախատեսված գումարից ոչ միայն ոչ մի լումա չի չարաշահվել, այլեւ իմ կողմից այդ գումարի կառավարման արդյունքում դրան ավելացել է ավելի քան 100 հազար ԱՄՆ դոլար:

Իմ եւ Սիվիլիթաս հիմնադրամի դեմ սկսված եւ ավելի քան մեկ տարի տեւած գործընթացի հետ կապված դատողությունները թողնում եմ հանրությանը:

Ավելի վաղ ԱԱԾ մամուլի կենտրոնը հաղորդագրություն էր տարածել եւ հայտնել, որ Հայաստանի ԱԱԾ քննչական վարչության վարույթում քննվող թիվ 58204212 քրեական գործով  մեղադրյալ՝ Վարդան Մինասի Օսկանյանը նախաքննական մարմնին 19.07.2013թ. դիմում է ներկայացրել, ապա այդ կապակցությամբ ցուցմունք տվել՝ խոստովանելով, որ Ջոն Հանթսմանի կողմից Սիվիլիթաս Հիմնադրամին բացառապես բարեգործական նպատակներով օգտագործելու համար նվիրաբերված գումարից 250.795,26 ԱՄՆ դոլարն օգտագործել է  անձնական նպատակներով՝ դա դիտարկելով, որպես գործարքի իր մասնաբաժին։ 

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am