Ռուսաստանի պահպանության դաշնային ծառայության աշխատակիցներն անցած երեքշաբթի կանխել են Սպասսկի դարպասներով Մոսկվայի Կրեմլ ապօրինաբար սողոսկելու  փորձը, «Ինտերֆաքսին» հայտնել են ՌԴ ՊԴԾ-ի մամուլի եւ հասարակայնության հետ կապերի կենտրոնից: Ըստ Կենտրոնի ներկայացուցչի՝  իրավախախտը ձերբակալվել է եւ հանձնվել ոստիկանության աշխատակիցներին:

Իր հերթին իրավապահ մարմինների աղբյուրը պատմել է, որ ձերբակալվածը Ուլյանովի մարզի Կուզովատովո ավանի 24-ամյա մի բնակիչ է եղել: Տղամարդը պարզաբանել է, որ Սպասսկի աշտարակի դարպասներն է բարձրացել հետաքրքությունից դրդված՝ Կրեմլի տարածքը նայելու նպատակով: Աղբյուրը հայտնել է, որ  ուլյանովցուն սկզբում զննել են բժիշկները, սակայն վերջինիս մոտ ոչ մի շեղում չեն հայտնաբերել:

Դրանից հետո ձախորդ զբոսաշրջիկի նկատմամբ պահպանվող տարածքի անցման ռեժիմը խախտելու համար արձանագրություն է կազմվել եւ տուգանք նշանակվել 300 ռուբլու չափով: Այնուհետեւ նա ազատ է արձակվել, նշել է գործակալության զրուցակիցը: