Տարոն Մարգարյանի հայտարարությունները մեկնաբանելու խնդրանքով պետք է հենց իրեն դիմել: Այս մասին հուլիսի 24-ին հայտարարել է «Տաքսի Դավիթ» ՓԲԸ տրանսպորտային ընկերության տնօրեն Հարություն Առաքելյանը, որին լրագրողները հիշեցրել են Տարոն Մարգարյանի նախընտրական հայտարարությունները: Այն ժամանակ քաղաքապետը հայտարարել էր, որ քաղաքային տրանսպորտի սակագինը մնալու է 100 դրամ: «Ինչո՞ւ եք այդ մասին ինձ հարցնում: Եվ ինչո՞ւ պետք է մենք նրան որեւէ բան ասեինք: Երեւանի քաղաքապետը ինքը գիտի իր հայտարարությունների տրամաբանությունը եւ կարող է բացատրություն տալ: Հենց իրեն էլ դիմեք»,-ընդգծել է Առաքելյանը:
Պատասխանելով NEWS.am-ի թղթակցի այն հարցին, թե որքանով են գազալցակայանում գազի գները նպատակահարմար, նա հայտարարել է, որ այս առումով եւս գծատերերը միջամտելու իմաստ չեն տեսնում: «Գազալցակայանում գազի սակագինը պետք է իր հիմնավորումն ունենա: Նրանք, ովքեր գազալցկայաններում իրացնում են գազը, պետք է իրենք որոշեն գազի գինը: Մենք նրանց որեւէ բան խորհուրդ տալ չենք կարող»,-ասել է նա:
Անվադողերի վերաբերյալ համանման հարցին ի պատասխան՝ Առաքելյանը հայտարարել է, որ վերջին ամիսներին դրանց գինը կայուն է եւ տրանսպորտային ընկերությունների համար անկանխատեսելի իրավիճակներ չի ստեղծում: «Այժմ դրանք արժեն 32-38 հազար դրամ: Մենք դրանք գնում ենք տեղի շուկայից, օգտագործում ենք նաեւ ռուսական անվադողեր»,-ասել է նա:
Ընդգծենք, որ Հայաստանում ԱԳԼՃԿ-ները գրեթե կրկնակի անգամ թանկ սակագին են սահմանել իրենց ծառայության համար: Եթե նրանք «ՀայՌուսգազարդից» 1000 քմ գազը գնում են 276.98 դոլարով (1քմ գազի դիմաց 115 դրամ), ապա սպառողներին վաճառում են 200-220 դրամով:




























