Երեւանի քաղաքային տրանսպորտի ցածր ուղեվարձի պատճառով ոչ ոք չի համաձայնում երթուղայինի վարորդ աշխատել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է «Իսավ» ՍՊԸ-ի տնօրեն Պատվական Միհրանյանը, որը երթուղային տաքսիների մի քանի գիծ է շահագործում: Ըստ նրա՝ Երեւանում երթուղայինների վարորդների մինչեւ 75%-ը D դասի վկայական չունեն. գրեթե բոլոր որակավորում ունեցող վարորդները Ռուսաստան են մեկնել՝ ավելի լավ վճարվող աշխատանք գտնելու: Վարորդների մասնագիտական ցածր մակարդակն ավելացնում է քաղաքում վթարների վտանգը:
«Օրինակ, իմ մեխանիկը, որն օրական տասը ժամ աշխատում է, գալիս եւ խնդրում է աշխատավարձը բարձրացնել: Պատճառները բավական օբյեկտիվ են. կյանքը թանկանում է, բոլորս դա գիտենք: Այսպես, եթե ես նրա աշխատավարձը չբարձրացնեմ, նա կսկսի այլ աշխատանք փնտրել: Կրկին օբյեկտիվ պատճառներով: Եթե բարձրացնեմ, ապա ո՞ւմ հաշվին: Չէ՞ որ ավել փող ես չունեմ: Այդ պարագայում կամ ես բարձրացնում եմ վարորդների օրավարձը, կամ իմ մեխանիկը հեռանում է: Ո՞րն ընտրեմ: Ո՞ւմ օգտին»,– ասել է Միհրանյանը:
Դիտողությանը, որ նախքան 2006թ., երբ սկսեց թանկանալ գազը, 100 դրամ սակագինն, ընդհակառակը, առավել քան ձեռնտու էր, Միհրանյանը պատասխանել է. «Այո, այն ժամանակ մենք կարողանում էինք ծածկել բոլոր ծախսերը եւ աշխատել նորմալ եկամտով: Եվ այն ժամանակ շատերը Հայաստանում ձգտում էին վարորդի դասընթաց անցնել ու D կարգ ստանալ, որպեսզի երթուղայինի վարորդ աշխատեին եւ գումար վաստակեին: Իսկ հիմա նրանք բանալիները հանձնում եւ Ռուսաստան են մեկնում: Այնտեղ Ռոստովում կամ Մոսկվայում շատերը նույն «Գազելն» են վարում, բայց շատ են վաստակում: Որովհետեւ այդ քաղաքներում ուղեվարձը բարձր է: Չե՞ք հավատում, ստուգեք: Նրանք հեռանում են, իսկ ես որակյալ վարորդներ չունեմ: Ստիպված ենք գրեթե ամեն մեկին, ով աշխատանքի իրավունք ունի, աշխատանքի վերցնել: Վթարները հենց դրանից էլ տեղի են ունենում: Այժմ խորհուրդ տվեք, թե ինչպես 90 – 100 հազար ամսական աշխատավարձով վարորդներ պահենք Հայաստանում»,- նշել է Միհրանյանը:
«Տաքսի Դավիթ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Հարություն Առաքելյանի խոսքով՝ նման խնդիր կա նաեւ իր ընկերությունում: «Այս պահին ինձ ոչ ավելի, ոչ պակաս, D կարգի վարորդական իրավունքով 50 վարորդ է անհրաժեշտ», – ասել է նա:




























