ԱԳՆ-ն բեռնատարի վարորդ Հրաչյա Հարությունյանի գործով առաջին իսկ րոպեներից քայլեր չձեռնարկեց: Եվ սա առաջին անգամը չէ: Այս մասին հուլիսի 24-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ղարաբաղյան պատերազմի վետերան, Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի Հույների «Պատրիդա» միության նախագահ Էդուարդ Պոլատովը:
Նրա խոսքով՝ հակահայկական կամ հակառուսական արտահայտությունները այս գործի հետ որեւէ առնչություն չունեն: «Հիմնական մեղքը նախնական հետաքննության մարմինների ներկայացուցիչներինն ու Ռուսաստանում հայկական դիվանագիտական ներկայացուցչությանն է»,-ընդգծել է Պոլատովը: Նա նշել է, որ Հարությունյանը ինքը կարող էր զոհվել, իսկ նրա գործատուն ստիպված կլիներ այդ ամենի պատասխանատվությունն իր վրա վերցնել:
Մամուլի ասուլիսի մյուս մասնակիցը՝ Ասորիների «Աթուր» միության նախագահ, Հայաստանի վաստակավոր արտիստ Ռազմիկ Խոսրոեւը հայտարարել է, որ այս դեպքում խոսքը մարդու իրավունքների մասին է: «Դրական եմ համարում այն, որ հանրությունը կարողացավ բարձրաձայնել իր բողոքը: Առաջին անգամ հայը զգաց, որ իր մեջքի հետեւում պետություն է կանգնած: Մենք սկսում ենք գիտակցել, որ մարդուց ավելի մեծ արժեք գոյություն չունի»,-ընդգծել է նա: Նա նաեւ նշել է, որ ռուսական լրատվամիջոցներն իրենց շատ վատ են պահել եւ հայերի նկատմամբ կողմնապահություն են դրսեւորել:
Մամուլի ասուլիսի երրորդ մասնակիցը՝ եզդիների «Միդիա Շանգալ» ազգային միավորման ՀԿ նախագահ Ամո Շարոյանը, իր ցավակցությունն է հայտնել վթարի 18 զոհերի ընտանիքներին եւ կարծիք հայտնել, որ վթարն ամենայն հավանականությամբ անզգուշության արդյունք էր: Նա նաեւ առաջարկել է հիմնադրամ ստեղծել եւ հաշիվ բացել, ինչի նպատակն է օգնություն ցուցաբերել Հրաչյա Հարությունյանին եւ 18 զոհերի ընտանիքին:
Հիշեցնենք, որ «Նոր Մոսկվայում» վթարը տեղի է ունեցել հուլիսի 13-ին: Մանրաքար տեղափոխող «ԿամԱԶ»-ը մեծ արագությամբ բախվել է ուղեւորատար ավտոբուսին: Տեսագրությունում երեւում է, որ բեռնատարի վարորդը փորձել է խուսափել վթարից՝ կտրուկ կերպով կողք թեքելով ավտոմեքենան: Ողբերգական միջադեպի արդյունքում զոհվել է 18 մարդ, մոտ 50 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել: Հայաստանի քաղաքացի Հրաչյա Հարությունյանը դատարան է տարվել կանացի ծաղկավոր խալաթով:
Հարությունյանը Բոտկինի հիվանդանոցում էր, սակայն հետաքննության պահանջով՝ բժիշկները նրան դուրս են բերել դեղորայքային քնից: Նրան առանց սափրվելու, հողաթափերով եւ կանացի խալաթով դատարան են բերել: Այդ փաստը հարուցել էր հայ հասարակության բուռն դժգոհությունը, եւ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան առջեւ բողոքի ակցիաներ են կազմակերպվել:




























