Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվող քրեական գործով ամբաստանյալ Ա. Պետրոսյանը բռնություն է գործադրել դատախազի նկատմամբ:

ՀՔԾ մամուլի ծառայությունից հայտնում են, թե 2012թ. հուլիսի 12-ի հերթական դատական նիստի ավարտից անմիջապես հետո գործով մեղադրող` ՀՀ գլխավոր դատախազության թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների գործերով բաժնի դատախազ Վ. Միլիտոնյանի կողմից ներկայացված մեղադրական ճառի, պատժի եւ պատժաչափի վերաբերյալ կատարված միջնորդության հետ կապված նրա հասցեին տվել է սպանության, առողջությանը վնաս պատճառելու սպառնալիքներ, որը զուգորդվել է մեղադրողի կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով, այն է` Ա. Պետրոսյանը ջրով լի պոլիմերային շշով հարվածել է Վ. Միլիտոնյանի գլխին:

Միաժամանակ ամբաստանյալի մայրը` Ա. Խաչատրյանը, անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով դատարանի նկատմամբ, վիրավորել է մեղադրող Վ. Միլիտոնյանին, որը դրսեւորվել է վերջինիս հայհոյելով, նրան եւ նրա ընտանիքի անդամներին ուղղված անեծքներով:

Հատուկ քննչական ծառայությունում փաստի առիթով հարուցվել է քրեական գործ` ՀՀ ՔՕ 347-րդ հոդվածի 3-րդ եւ 343-րդ հոդվածի 1-ին մասերով:

Կատարվում է նախաքննություն: