«Ռոսիա-1» հեռուստաալիքի կողմից Պոդոլսկի մոտ սարսափելի վթարի մեջ մեղադրվող հայ վարորդ Հրաչյա Հարությունյանից հրապարակային ներողություն պահանջող հանձնագիրը այս պահի դրությամբ ստորագրել է 14,5 հազար մարդ: Հանձնագրին կարելի է ծանոթանալ եւ ստորագրահավաքին միանալ ԱՅՍՏԵՂ:

Նախաձեռնության հեղինակ Նարեկ Ստեփանյանի խոսքով՝ «Ռոսիա-1» հեռուստաալիքի «Վեստի» հաղորդման ռեպորտաժում, որտեղ ներկայացվում է «Նոր Մոսկվայում» տեղի ունեցած ավտովթարի դեպքը, ոչ պարկեշտ արտահայտություններ են արվել «ԿամԱԶ»-ի հայ վարորդի հասցեին: Լրագրողուհի Օլգա Սկաբեեւան իր ռեպորտաժում, մասնավորապես, հայտարարել է, որ Հրաչյա Հարությունյանի՝ ցուցմունք տալուց հրաժարվելը կապված չէ նրա առողջական վիճակի հետ եւ նա ձեւեր է թափում:

«Լրագրողուհին ակնհայտորեն իրեն ագրեսիվ է պահել, ինչն անթույլատրելի է լրագրողական էթիկայի տեսանկյունից: Նա հատուկ առոգանությամբ ընդգծել է Հարությունյանի ազգությունը, նրա անունը հնչեցրել հատուկ շեշտադրմամբ»,-ասված է հաղորդագրության մեջ, փոխանցում է Gazeta.ru-ն:

Ներկայումս ստորագրություններով ֆայլը կուղարկվի «Ռոսիա-1» հեռուստաընկերությանը:

Հիշեցնենք, որ «Նոր Մոսկվայում» վթարը տեղի է ունեցել հուլիսի 13-ին: Մանրաքար տեղափոխող «ԿամԱԶ»-ը մեծ արագությամբ բախվել է ուղեւորատար ավտոբուսին: Տեսագրությունում երեւում է, որ բեռնատարի վարորդը փորձել է խուսափել վթարից՝ կտրուկ կերպով կողք թեքելով ավտոմեքենան: Ողբերգական միջադեպի արդյունքում զոհվել է 18 մարդ, մոտ 50 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել: Հայաստանի քաղաքացի Հրաչյա Հարությունյանը դատարան է տարվել կանացի ծաղկավոր խալաթով:

Այսօր Հրաչյա Հարությունյանին հարցաքննել են, սակայն նա հրաժարվել է ցուցմունքներ տալ: