Սինայի թերակղզու հյուսիսում, այսօր՝ հուլիսի 24-ին, եգիպտացի զինծառայող է սպանվել: Ինչպես հաղորդում են տեղական լրատվամիջոցները, գրոհայինները նրան սպանել են Գազայի հատվածից ոչ հեռու տեղակայված Էլ-Արիշ քաղաքի մոտ գտնվող ՀԱԿ-ում:

Թերակղզում իրավիճակը շարունակում է ծայրահեղ լարված մնալ հուլիսի 3-ից հետո, երբ զինվորականները պաշտոնանկ էին արել նախագահ Մուհամմեդ Մուրսիին: Այնտեղ գործող ջիհադիստները ամենօրյա հարձակումներ են իրականացնում բանակի եւ ոստիկանության համատեղ խմբավորման դեմ: Այդ հարձակումների զոհ է դարձել արդեն 10 մարդ:

Նախօրեին Էլ-Արիշում ծայրահեղականները սպանել էին ոստիկանության նորեկին: Բացի այդ, Գազայի հետ սահմանից ոչ հեռու տեղակայված Ռաֆահում նրանք պայթեցրել են բանակային զինամեքենա: Այդ հարձակման արդյունքում ոչ ոք չի տուժել, փոխանցում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Ավելի վաղ զինված ուժերի հրամանատարությունը Հյուսիսային Սինայի տարածքը հայտարարել էր որպես «ահաբեկչության դեմ պայքարի» շրջան՝ այնտեղ տեղափոխելով նշանակալի օգնական ուժեր, այդ թվում՝ ծանր տեխնիկա, ռազմական օդուժ եւ հատուկ նշանակության ջոկատայինների ստորաբաժանումներ: