Երեւանի քաղաքապետարանն, այսօր՝ հուլիսի 24-ին, մեկ շաբաթ անց, իր կայքում հրապարակել է Երեւանում ուղեվարձի թանկացման մասին քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշումը:
Հիշեցնենք, որ ըստ այդ որոշման՝ հուլիսի 20-ից քաղաքացիները Երեւանում տրոլեյբուսով երթեւեկելու համար պետք է վճարեն 100 դրամ՝ նախկինի 50-ի փոխարեն, իսկ ավտոբուսներով կամ միկրոավտոբուսներով երթեւեկելու համար 150 դրամ՝ նախկինի 100-ի փոխարեն:
Քաղաքապետի որոշման հետ միասին ներկայացված է նաեւ երթուղայինների գծերը սպասարկող ընկերությունների ցանկը, որը ներկայացնում ենք ստորեւ:
Նշենք, որ տրանսպորտի ուղեվարձի թանկացման մասին որոշումը ընդվզում է առաջացրել հասարակության մեջ: Սոցիալական ցանցերում ձեւավորված մի շարք խմբեր, նախաձեռնություններ բողոքի ակցիաներ են անցկացնում Երեւանի քաղաքապետարանի մոտ, մայրաքաղաքի փողոցներում թռուցիկներ են բաժանում «Չեմ վճարել 150 դրամ» գրությամբ: Այս ակցիաների առնչությամբ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել եւ կոչ արել հարգել համակեցության կանոնները եւ ձեռնպահ մնալ երթեւեկության յուրաքանչյուր մասնակցի իրավունքները խոչընդոտելուց, իսկ այն անձինք, ովքեր ոստիկանության դրսեւորած հանդուրժողականության պայմաններում հանդգնել են խախտել օրենքի պահանջները, կհայտնաբերվեն ու կենթարկվեն պատասխանատվության:
Նշենք նաեւ, որ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մարտին քարոզարշավի ժամանակ հայտարարել էր, թե երեւանցիները կարող են հանգիստ լինել, տրանսպորտի ուղեվարձը չի թանկանալու:






























