Երեւանի ավագանու իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հուլիսի 23-ի նիստի օրականգում չի ընդգրկվել «Բարեւ Երեւան» խմբակցության կողմից կազմված ուղերձը՝ կապված տրանսպորտի ուղեվարձի թանկացման հետ: Որպես պատճառաբանություն նշվել է, որ  Ստեփան Սաֆարյանի կողմից ներկայացված փաստաթղթում բացակայում են իրավական հիմքերը:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ նիստին ներկա են եղել հանձնաժողովի 16 անդամներից 12-ը: Խորհրդատվական ձայնի իրավունքով նիստին մասնակցել են նաեւ  Երեւան քաղաքի ավագանու անդամներ Դավիթ Սանասարյանն ու Գագիկ Բաղդասարյանը:

Օրակարգում ներառված է եղել չորս հարց. օրակարգի նախագծի հաստատում, Երեւան քաղաքի ավագանու կանոնակարգի քննարկում, այլ հարցերի քննարկում, ինչպես նաեւ  որոշվել է հաջորդ նիստի անցկացման օրը: 

Նիստի ընթացքում քննարկվել են նաեւ Երեւան քաղաքի ավագանու կանոնակարգում փոփոխություններ մտցնելու` հանձնաժողովի անդամներ Գրիգոր Մինասյանի եւ Արթուր Գասպարյանի առաջարկություններն ու դիրքորոշումները, որոնց առնչությամբ հնչել են կարծիքներ: Երեւան քաղաքի ավագանու կանոնակարգում փոփոխություններ մտցնելու մասին քննարկումները կշարունակվեն հանձնաժողովի հաջորդ նիստին: Երեւանի ավագանու իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հաջորդ նիստը տեղի կունենա օգոստոսի 23-ին: