Մաշկի հազվագյուտ հիվանդության պատճառով 18-ամյա Հարթեր Շթայնիցն այնպիսի տեսք ունի, կարծես ուժեղ արեւայրուք է ստացել: Daily Mail-ի փոխանցմամբ, աղջկա ամբողջ մարմինը պատված է հաստ կեղեւով: Բացի այդ, Շթայնիցի մաշկն անընդհատ ճաքում է, ինչի հետեւանքով թվում է, թե աղջիկը պատված է ձկան թեփուկով: Քանի որ մաշկը չափազանց հաստ է դարձել, Հարթերը չի կարողանում ամբողջությամբ փակել աչքերն ու ծալել ձեռքի մատները:

Աղջիկը տառապում է իխտիոզ հիվանդությամբ. սա ժառանգական հիվանդություն է, որի հետեւանքով մաշկը նմանվում է պատյանի: Իխտիոզով տառապող մարդկանց մոտ մազ չի աճում: Խանգարվում է նաեւ քրտնարտադրության պրոցեսը: Ըստ Utro.ru-ի, աղջիկը երբեք չի քրտնում, նրան ջրազրկման մշտական վտանգ է սպառնում: Միաժամանակ, օրգանիզմը միանգամայն անպաշտպան է արտաքին ազդեցությունների հանդեպ: Այս հիվանդությամբ տառապողները ծնվելուց կարճ ժամանակ անց մահանում են:

Այս հիվանդությունը գոյություն ունի հին ժամանակներից. առաջին գրավոր տեղեկությունները գալիս են Հին Եգիպտոսից եւ Չինաստանից: Առաջին անգամ հիվանդությունը մանրամասն նկարագրվել է XVIII դարի կեսերին:

Մեր օրերում բժշկությունը կարողանում է պահպանել իխտիոզով հիվանդների կյանքը: Շթայնիցն առավոտը սկսում է բարդ գործողություններով: Նախ լոգանք է ընդունում, որը երբեմն տեւում է 2 ժամ: Այնուհետեւ նա տարատեսակ լոսյոններ է գործածում: