Նորք-Մարաշում 22 համարի երթուղին սպասարկող միկրոավտոբուսի վարորդի ինքնազգացողությունը վատացել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին «Շտապօգնություն» ՓԲԸ-ից:
Մեզ հայտնեցին, որ կանչել են շտապօգնություն, կանչը սպասարկվել է, եւ վարորդը հիվանդանոց չի տեղափոխվել: «Շտապօգնության» փոխանցմամբ` վարորդի ինքնազգացողության վատացումը նյարդային ֆոնի վրա էր, հուզված է եղել:
Հիշեցնենք, որ հուլիսի 20-ից քաղաքացիները Երեւանում տրոլեյբուսով երթեւեկելու համար պետք է վճարեն 100 դրամ՝ նախկինի 50-ի փոխարեն, իսկ ավտոբուսներով կամ միկրոավտոբուսներով երթեւեկելու համար 150 դրամ՝ նախկինի 100-ի փոխարեն: Քաղաքապետարանի այս որոշումը առաջացրել է ընդվզում, սոցիալական ցանցերում ձեւավորված մի շարք խմբեր, նախաձեռնություններ բողոքի ակցիաներ են անցկացնում Երեւանի քաղաքապետարանի մոտ, այնուհետեւ մայրաքաղաքի փողոցներում թռուցիկներ բաժանում «Չեմ վճարել 150 դրամ» գրությամբ: Ակտիվիստների նախաձեռնած միջոցառումներն օրեցօր մեծ թափ են ստանում, սկսվել է նաեւ Free car ակցիան, որի շրջանակներում մի շարք դերասաններ, երգիչներ, երաժիշտներ, պատգամավորներ եւ պարզապես ՀՀ քաղաքացիներ մարդկանց անվճար տեղափոխում են: Այս ակցիաների առնչությամբ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել եւ կոչ արել հարգել համակեցության կանոնները եւ ձեռնպահ մնալ երթեւեկության յուրաքանչյուր մասնակցի իրավունքները խոչընդոտելուց, իսկ այն անձինք, ովքեր ոստիկանության դրսեւորած հանդուրժողականության պայմաններում հանդգնել են խախտել օրենքի պահանջները, կհայտնաբերվեն ու կենթարկվեն պատասխանատվության: Նշենք նաեւ, որ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մարտին քարոզարշավի ժամանակ հայտարարել էր, թե երեւանցիները կարող են հանգիստ լինել, տրանսպորտի ուղեվարձը չի թանկանալու:





























