Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հուլիսի 23-24-ին այցելել է հանրապետության հարավարեւելյան սահմանագոտի:

ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա եղել է հայ-ադրբեջանական սահմանագծում տեղակայված մարտական հենակետերում, ծանոթացել մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների պատրաստության եւ բարոյահոգեբանական վիճակին, ստուգել պաշտպանական եւ ինժեներական կառույցների հյուսալիությունը:

Նախարարն այցելել է  նորակառույց պաշտպանական շինություններ, ծանոթացել զորամասերի շինարարական ու կառուցապատման աշխատանքներին: Ս. Օհանյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել բանակային զորամիավորման եւ ենթակա զորամասերի հրամանատարության հետ, տվել է հանձնարարականներ եւ ճշգրտել դրանց իրականացման ժամանակացույցը: Նա  նաեւ առանձնազրույցներ է ունեցել զինծառայողների եւ սպաների հետ: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը գոհունակությամբ նշել է, որ բանակում դրական միտումներ են արձանագրվել` կապված զինվորների ֆիզիկական եւ հոգեւոր պաշտպանվածության հետ, զգալիորեն բարելավվել են զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանները: Իսկ իրականացված շինարարական աշխատանքների արդյունքում բարելավվել են նաեւ զորանոցների կենցաղային եւ սանիտարահիգիենիկ պայմանները: