Այս պահի դրությամբ Երեւանի կենտրոնական փողոցներում շարունակվում է «Չենք վճարելու 150 դրամ» կամ «Վճարիր 100 դրամ» ակցիան:

Ակտիվիստները երեկոյան ժամը 20.00-ից երթ են արել քաղաքի կենտրոնական փողոցներում` բացականչելով «հարյուր դրամ, միացեք. հա-րյուր, հա-րյուր»:

Դրան զուգահեռ կենտրոնական փողոցների կանգառներում կանգնած են երիտասարդներ, որոնք տեղում «քարոզչություև» են անում ուղեվարձի համար վճարել ոչ թե 150 դրամ, այլ 100 դրամ: Նրանք մտնում են ավտոբուսների, միկրովտոբուսների մեջ, զրուցում մարդկանց հետ, հորդորում վճարել 100 դրամ: Երիտասարդ նախաձեռնողների մի մասն էլ այժմ հավաքված է Մաշտոցի պուրակում, ամփոփում են այսօրվա օրը, քննարկում վաղվա անելիքները, կազմում օրակարգ: Այնտեղ է գտնվում նաեւ Երեւանի փոխոստիկանապետ, գնդապետ Վալերի Օսիպյանը:

Ակտիվիստներից մեկը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նկատեց, որ ակցիաները  օր օրի ավելի մեծ թափ են ստանում, ավելի շատ մարդիկ են միանում, ինչի արդյունքում ականատես ենք լինելու տրանսպորտի ուղեվարձի փոփոխության: Նա շեշտեց, որ այսօր շատացել են նաեւ Free car  ակցիային միացողները, օրինակ` երեկոյան հայտնիներից միացել են հաղորդավարներ Հրաչուհի Ութմազյանը եւ Հրաչ Մուրադյանը:

Հիշեցնենք, որ հուլիսի 20-ից  քաղաքացիները Երեւանում տրոլեյբուսով երթեւեկելու համար պետք է վճարեն 100 դրամ՝ նախկինի  50-ի փոխարեն, իսկ ավտոբուսներով կամ միկրոավտոբուսներով  երթեւեկելու համար 150 դրամ՝ նախկինի 100-ի փոխարեն: Քաղաքապետարանի այս որոշումը առաջացրել է ընդվզում, սոցիալական ցանցերում ձեւավորված մի շարք խմբեր, նախաձեռնություններ բողոքի ակցիաներ են անցկացնում Երեւանի քաղաքապետարանի մոտ, այնուհետեւ մայրաքաղաքի փողոցներում թռուցիկներ բաժանում «Չեմ վճարել 150 դրամ» գրությամբ:

Ակտիվիստների նախաձեռնած միջոցառումներն օրեցօր մեծ թափ են ստանում, սկսվել է նաեւ Free car ակցիան, որի շրջանակներում մի շարք դերասաններ, երգիչներ, երաժիշտներ, պատգամավորներ եւ պարզապես ՀՀ քաղաքացիներ մարդկանց անվճար տեղափոխում են: Այս ակցիաների առնչությամբ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել եւ կոչ արել հարգել համակեցության կանոնները եւ ձեռնպահ մնալ  երթեւեկության  յուրաքանչյուր մասնակցի իրավունքները խոչընդոտելուց, իսկ այն անձինք, ովքեր  ոստիկանության դրսեւորած  հանդուրժողականության պայմաններում հանդգնել են խախտել օրենքի պահանջները,  կհայտնաբերվեն  ու կենթարկվեն պատասխանատվության:

Նշենք նաեւ, որ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մարտին քարոզարշավի ժամանակ հայտարարել էր, թե երեւանցիները կարող են հանգիստ լինել, տրանսպորտի ուղեվարձը չի թանկանալու:

Նշենք, որ Free car-ի ակցիայի նախաձեռնողը դերասան Հայկ Մարությանն է, այնուհետեւ նրան են միացել «Կարգին սերիալի» անձնակազմի մյուս անդամները` Անդրանիկ Հարությունյանը, Ռաֆայել Երանոսյանը,Մկրտիչ Արզումանյանը, Անի Երանյանը,Լալա Մնացականյանը երգիչներ Արթուր Իսպիրյանը, երգչուհիներ Սոֆի Մխեյանը, Սոնա Շահգելդյանը, Լիլուն, Օլգա Այվազյանը, «Վիտամին ակումբի» տղաները` Վաչեն, Գարիկը, Արմուշը, «Արմքոմեդիից» Սերգեյ Սարգսյանը, «Կենտրոն» հեռուստաընկերության մեկնաբան Պետրոս Ղազարյանը, ռեժիսոր Սուրեն Թադեւոսյանը եւ այլք: