Պետությունը ոչ մի կերպ չի հետեւում ապօրինի տաքսիներին: Այս մասին այսօր՝ հուլիսի 25-ին, լրագրողներին հայտնել է տաքսիստների իրավունքները պաշտպանող «Քաղաքացիական դիրքորոշում» ՀԿ-ի նախագահ Գեւորգ Դոստուրյանը:
Ըստ նրա՝ Տրանսպորտի նախարարության տեսչությունը եւ Ճանապարհային ոստիկանությունը, որոնք պետք է համատեղ ստուգայցեր կազմակերպեն, արդեն 4-5 ամիս անգործության են մատնված:
«Այս ամիսներին տաքսիներին ընդամենը 1-2 օր են ստուգել, այն էլ՝ միայն օրինական տաքսիների հաշվիչները: Դրանից հետո տաքսիստները բողոքում էին. գալիս, ստուգում են ինձ, իսկ իմ դիմաց մի քանի անօրինական տաքսիներ են կանգնած, նրանց ոչ ոք չի նկատում», – հավելել է Գ. Դոստուրյանը:
Ըստ նրա՝ ապօրինի տաքսիների դեմ պայքարը կմեծացնի օգտակար ծանրաբեռնվածությունը, այսինքն՝ օրինական դաշտում աշխատող եւ պետական հարկ վճարող տաքսու վարորդների եկամուտը: «Անօրինականների մեծ մասը օրումեջ աշխատող մարդիկ են, ինչպես ոստիկանները եւ հրշեջները: Ազատ օրերին նրանք մեքենաների վրա տաքսու նշան են դնում եւ աշխատում մի քանի ժամ: Իսկ եթե տաքսիների օրինականությունը սկսեն լրջորեն ստուգել, ապա նրանց քանակն այսպես թե այնպես կնվազի, օրինական դաշտ շատերը չեն ցանկանա մուտք գործել», – հավելել է Գ. Դոստուրյանը:
Ըստ նրա՝ ներկայումս Երեւանում կա շուրջ 20 հազար տաքսի, որոնցից 50% -ն ապօրինի է: «Մի քանի տարի առաջ այն ժամանակվա Ճանապարհային ոստիկանության պետ Մարգար Օհանյանը նշում էր 18 հազար տաքսի, այժմ դրանք 20 հազար կլինեն», – հայտնել է Գ. Դոստուրյանը:





























