Երեւանում կա գազալցակայանների 3 ցանց, որտեղ տաքսիները փորձում են չլիցքավորվել: Այս մասին տաքսիների ուղեվարձին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է տաքսիստ Վաչիկ Ավետիսյանը:

Նրա խոսքով՝ երբեմն գազալցկայանների սահմանած գների միջեւ տարբերությունը բոլորովին էլ փոքր չի լինում: «Լինում է, որ մի կայանում լիցքավորելուց հետո քշում ես 180 կմ, մյուսում՝ 150 կամ ավելի քիչ: Երեւանում կա վատահամբավ գազալցակայանների 3 ցանց եւ մենք՝ տաքսիստներս, փորձում ենք դրանցից չօգտվել»,-հավելել է նա:

Նա հավելել է, որ լավ գազալցակայաններում լիցքավորվելու համար որոշ տաքսիներ մեկնում են մոտակա քաղաքները: «Հիմա լսել են, որ Մասիսում լավ լցակայան կա ու շատերն են Երեւանից Մասիս մեկնում՝ լիցքավերոլու իրենց մեքենան»,-հայտարարել է նա:

Ընդգծենք, որ գազալցակայաններում գազի որակը գրեթե ոչ մի կերպ չի վերահսկվում: Դրա պատճառով հաճախ մեքենաները լիցքավորում են տաք գազով, իսկ գազի սակագնի թանկացումը գաղտնի է մնում՝ միեւնույն գնով մեքենան ավելի քիչ գազով են լիցքավորում: