Հայաստանի ԱԻՆ-ն ու ՊՆ-ն, Վզգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում, հուլիսի 26-ին, համատեղ «Անձնակազմի պաշտպանության միջոցառումների կազմակերպումը հրդեհի դեպքում» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն կանցկացնեն:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ վարժանքների նպատակներն են`
• կատարելագործել ռազմական ինստիտուտի կազմավորումների եւ արձագանքող ուժերի համագործակցությունը փրկարարական եւ հրդեհաշիջման աշխատանքների դեպքում.
• ստուգել արձագանքող ուժերի պատրաստվածությունը.
• կատարելագործել անձնակազմերի փրկարարական աշխատանքների գործնական հմտությունները:
Ուսումնավարժությանը ներգրավված են ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության 2 մարտական հաշվարկ, 1 ավտոսանդուղք, ճանապարհային ոստիկանության 2 հաշվարկ եւ շտապօգնության ծառայության 1 բրիգադ:
Մտահղացման համաձայն` հրդեհ է բռնկվել ռազմական ինստիտուտի հրետանային ֆակուլտետի ուսումնական մասնաշենքի 4-րդ հարկում: Աշխատակիցների կողմից ձեռնարկվել են նախնական հրդեհաշիջման միջոցառումներ, սակայն հրդեհը մարել չի հաջողվել եւ այն տարածվել է շենքում, որտեղ մարդիկ են արգելափակվել: Հրդեհից եւ ծխից խուսափելով որոշ աշխատակիցներ բարձրացել են հարակից 6-հարկանի շենքի տանիք: Կան «տուժածներ»։




























