Երեւանում հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ ուղղված բողոքի ակցիաները շարունակվում են: Արդեն 5-րդ օրն է «Չենք վճարելու 150 դրամ» քաղաքացիական նախաձեռնության անդամները պաստառներով հերթապահում են կանգառներում, թռուցիկներ են բաժանում, փոկում են ուղեվարձի թանկացման վերաբերյալ տեղեկացումները: Այսօր ակցիայի մասնակիցներն ավելի հեռու են գնացել եւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին 50 դրամանոցի տեսքով տորթ են նվիրել:
Ամենայն հավանականությամբ, անհնազանդության նման բուռն դրսեւորումները դուր չեն եկել քաղաքային իշխանության որոշ ներկայացուցիչների: Համաձայն հավաստի, սակայն հասկանալի պայմաններով ոչ պաշտոնական տվյալների համաձայն՝ մայրաքաղաքի վարչական շրջանների վարչակազմերի աշխատակիցներին «ռազմաճակատ» են ուղարկել՝ բողոքող բնակչության դեմ պայքարելու: «Ուղարկված գործակալները» աշխատանքային ժամերին երթեւեկում են հասարակական տրանսպորտով մի նպատակով՝ վեճ սարքելու այն «անգիտակից» քաղաքացիների հետ, որոնք հրաժարվում են վճարել 50 դրամները: Նրանք փորձում են հասարակության լայն հատվածներին «վստահեցնել», որ կայացրած որոշումը ի կատար ածելն անխուսափելի է: Եվ կրկին, հավաստի, սակայն ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ աշխատանքային օրը նման տարօրինակ կերպով անցկացնելու որոշումը ստացվել է «վերեւից»՝ քաղաքապետարանից:
Հիշեցնենք, որ Երեւանի վրդովված ուղեւորները բողոքում են քաղաքային տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ՝ հրաժարվելով վճարել երթուղայինների եւ ավտոբուսների համար սահմանված 150 եւ տրոլեյբուսում երթեւեկելու 100 դրամները: Որոշումը պատճառաբանվել է գազի սակագնի թանկացմամբ, տրանսպորտային ծառայությունները բարելավելու անկեղծ ցանկությամբ: Ուղեվարձի թանկացմանը զուգահեռ բարձրացվել են նաեւ վարորդների կողմից վճարվող «հարկերի» գները:





























