Եգիպտոսում շարունակվում է երկրի նոր ղեկավարության եւ պաշտոնանկ արված նախագահ Մուրսիի կողմնակից իսլամիստների միջեւ հակամարտությունը: Անկարգությունները հասել են մինչեւ զբոսաշրջային Լուքսոր, որտեղ հուլիսի 25-ին ցուցարարները փորձել են գրավել միջազգային քաղաքային օդանավակայանի շենքը:

Իսլամիստների հարձակումը հետ է մղվել օդանավակայանի անվտանգության ծառայության կողմից: Սակայն այդ փորձից հետո երկրի ղեկավարությունը որոշում է կայացրել խիստ պաշտպանության տակ վերցնել Լուքսորի պատմական հուշարձաններն ու բազմաթիվ հյուրանոցները: Ընդ որում, իշխանությունները հավաստիացրել են, որ զբոսաշրջիկներին քաղաքում ոչինչ չի սպառնում եւ Եգիպտոսի մշակութային կենտրոնում իրավիճակը լիովին կառավարելի է, փոխանցում է Reuters-ը:

Ուրբաթ օրը Կահիրեում նախատեսվում է հերթական զանգվածային ակցիան՝ «բռնության եւ ահաբեկչության դեմ»: Այն կազմակերպվելու է ի պաշտպանություն Եգիպտոսի բանակի ր ոստիկանության: Նախօրեին նման ցույցի կոչով էր հանդես եկել երկրի պաշտպանության նախարարը: Իսլամիստներն անմիջապես արձագանքել են հայտարարությանը՝ այն կոչելով «քաղաքացիական պատերազմի սադրանք», փոխանցում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:

Հիշեցնենք, որ այն պահից ի վեր, ինչ եգիպտական բանակը հայտարարել էր նախագահի պաշտոնանկության մասին, երկրում իսլամիստների զանգվածային բողոքի ակցիաները չեն դադարում: Այս ընթացքում դիմակայող երկու կողմերի միջեւ կատաղի բախումների ընթացքում արդեն զոհվել է 100-ից ավել մարդ: