Նինոծմինդա-Բավրա ճանապարհին տեղի ունեցած ավտովթարի մասին տեղեկությունն ստանալուն պես Վրաստանում Հայաստանի դեսպանությունն անհրաժեշտ գործողություններ է ձեռնարկել` պարզելու համար իրավիճակը եւ ՀՀ քաղաքացիներին անհրաժեշտ օգնություն տրամադրելու համար: Այս մասին ասված է Թբիլիսիում Հայաստանի դեսպանատան տարածած հայտարարության մեջ:
Հայտարարությունում նաեւ նշվում է.
«Արդյունքում կապ է հաստատվել տեղական ինքնակառավարման մարմիների եւ բժշկական հաստատության տնօրինության հետ: Ըստ նախնական տեղեկությունների վթարը տեղի է ունեցել Նինոծմինդա բնակավայրից մոտ մեկ կիլոմետր հեռավորության վրա` արագության սահմանազանցման պատճառով մեքենայի կառավարումը կորցնելու հետեւանքով: Մեր հայրենակիցները ուղեւորվելիս են եղել դեպի Վրաստանի սեւծովյան հանգստավայրերից մեկը:
Դեպքի վերաբերյալ կատարվում է հետաքննություն: Դեսպանությունը կապի մեջ է նաեւ Վրաստանի հետաքննության եւ քննչական մարմինների հետ եւ հետեւելու է քննության ընթացքին:
Այս պահին 9-ամյա Մարիա Կարապետյանը եւ 24-ամյա Հրայր Դավթյանն արդեն տեղափոխվել են եւ գտնվում են ՀՀ տարածքում, Գյումրիի բուժհաստատություններից մեկում: Անչափահասներ Լիլի Կարապետյանը եւ Ռուզան Կարապետյանը դեռեւս գտնվում են Նինոծմինդայի շրջանային հիվանդանոցում, սակայն նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Վերջիններիս հետ է նաեւ նրանց մայրը, որի հետ ՀՀ հյուպատոսը հեռախոսային կապի մեջ է:
Դեսպանությունը մշտական կապ է պահպանում հիվանդանոցի տնօրինության եւ շրջանի ղեկավարության, տեղի հայկական հոգեւոր եւ համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ: Ըստ անհրաժեշտության կձեռնարկվեն բոլոր գործողությունները ՀՀ քաղաքացիների անվտանգության ու առողջության պահպանման ուղղությամբ»:
Միաժամանակ, առիթից օգտվելով, հարկ ենք համարում նշել, որ թեեւ ավարտին է մոտենում հանգստի եւ արձակուրդային շրջանը, այնուամենայնիվ դեռեւս կան մարդիկ, որոնք գալիս են կամ պատրաստվում են գալ Վրաստան: Դեպի Վրաստանի լողափնյա հանգստավայրեր մեկնող ՀՀ քաղաքացիների համար անհրաժեշտություն է նախապես ծրագրավորել ճանապորհորդությունը եւ, մասնավորապես, կարճ թվացող, սակայն իրականում մոտ 700 կմ ճանապարհահատվածն անցնելու համար պարտադիր սահմանել դադարների եւ հանգստի որոշակի կետեր, խստագույնս պահպանել ճանապարհային երթեւեկության կանոնները, ինչը կնպաստի նշված ճանապարհն առավել անվտանգ անցնելուն եւ հանգիստն առանց ճակատագրական միջադեպերի կազմակերպելուն:
Միաժամանակ անհրաժեշտ ենք համարում հորդորել բոլոր ՀՀ այն քաղաքացիներին, որոնք ծրագրում են այցելել հարեւան Վրաստան, նախապես ծանոթանան երկրի, մասնավորապես` ճանապարհա-պարեկային օրենքներին եւ բուժծառայության մատուցման պայմաններին, ինչպես նաեւ ունենան սեփական անվտանգությունն ու առաջին բժշկական օգնությունն ապահովելու համար բոլոր պարտադիր պարագաները»:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Վրաստանի Հանրապետության Նինոծմինդա-Բավրա ավտոճանապարհին` Ատլիովսկի գյուղի մոտակայքում, այսօր՝ հուլիսի 25-ին, տեղի է ունեցել ավտովթար: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնել էին, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում «Տոյոտա» մակնիշի 26 OS 919 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել, ինչի հետեւանքով Նինոծմինդա շրջանի բժշկական կենտրոն են տեղափոխվել ՀՀ քաղաքացիներ` 4-ամյա Լ. Կարապետյանը, 12-ամյա Ռ. Կարապետյանը եւ 24-ամյա Հ. Դավթյանը, որոնց առողջական վիճակը բժիշկները գնահատում են ծանր, իսկ 9-ամյա Մ. Կարապետյանի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է եւ անհրաժեշտ է շտապ տեղափոխել Հայաստանի Հանրապետություն:




























