Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Վարչության նախագահ-գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանի հետ, այսօր՝ հուլիսի 25-ին, այցելել է Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկ:

Նրանք շրջել են կաթսատուրբինային,  քիմիական, էլեկտրատեխնիկական, ջերմային չափումների եւ ավտոմատիկայի արտադրամասերում, եղել են կայանի կառավարման ավտոմատացված կենտրոնում: Ծանոթացնելով դեսպանին կայանի ընթացիկ գործունեությանը՝ Վ. Հարությունյանը ներկայացրել է նաեւ այն բոլոր լայնածավալ աշխատանքները, որոնք կատարվել են էներգաբլոկի շինարարության ավարտի եւ արդիականացման ծրագրի իրականացման փուլերում:

Նշվել է նաեւ, որ  Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը, որի շինարարությունն իրականացվել է ռեկորդային ժամկետներում, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի խոշորագույն ներդրումային ծրագրերից է, եւ նորագույն տեխնոլոգիական լուծումներով եզակի կառույց է ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ տարածաշրջանի գազաէներգետիկ ոլորտում: 

480 ՄՎտ հզորություն ունեցող էներգաբլոկը 2012 թվականի հունվարից միացված է ՀՀ էներգահամակարգին: Ներկայումս կայանը  գտնվում է արդյունաբերական-փորձարարական շահագործման շրջանում եւ մինչ օրս արտադրել է շուրջ 1,5 մլրդ կՎտ/ժ էլեկտրաէներգիա:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել «ՀայՌուսգազարդ»-ի եւ Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի ղեկավարությունից հետաքրքիր այցի համար. «Ծանոթացել եմ 5-րդ էներգաբլոկի գործունեությանը: Սա, իհարկե, ահռելի կառույց է, եւ ես շատ տպավորված եմ: Այն, ինչ ինձ պատմեցին այս չափազանց բարդ օրգանիզմի մասին, շատ հետաքրքիր է: Հուսով եմ, որ հետագայում եւս 5-րդ էներգաբլոկ այցելելու հնարավորություն կունենամ՝ կայանի գործունեությանն ավելի հանգամանորեն, ինչպես նաեւ էներգաբլոկի անձնակազմի հետ ծանոթանալու նպատակով»:

Այնուհետեւ դեսպանը Վ. Հարությունյանի ուղեկցությամբ այցելել է Ծաղկաձորի «Ծաղկաձոր Մարիոթ» հյուրանոցային համալիր, ծանոթացել «Մարիոթ» միջազգային բարձրակարգ հյուրանոցային բրենդի չափանիշներին համապատասխան կառուցված եւ «Մարիոթ» ընկերության կառավարմանն անցած հյուրանոցային համալիրի պայմաններին, մատուցվող ծառայություններին եւ հանգստի համար ստեղծված ամենատարբեր հնարավորություններին:

Դեսպանի գնահատմամբ, «Ծաղկաձոր Մարիոթ»-ը հրաշալի կառույց է, որտեղ կարելի է հանգստանալ գերազանց էկոլոգիական միջավայրում, եւ որտեղ ներկայացված է լիարժեք հանգստի համար նախատեսված ծառայությունների լայն շրջանակ:

«Ծաղկաձոր Մարիոթ»-ն այսօր արդեն կարողացել է իր ուրույն տեղն ապահովել Հայաստանի զբոսաշրջության ոլորտի զարգացման եւ օտարերկրյա շուկաներում հայաստանյան զբոսաշրջային արդյունքը խթանելու գործում: Ներկայացվել է նաեւ, որ հյուրանոցային համալիրը զբաղվածության լուրջ խնդիր է լուծում տեղի բնակիչների համար՝ ապահովելով ավելի քան 200 աշխատատեղ:

Ի դեպ, ընկերությունը խոշորագույն գործատուներից է Հրազդանի տարածաշրջանում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այստեղ բացի «Ծաղկաձոր Մարիոթ»-ից գործում են նաեւ Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը եւ  «ՀայՌուսգազարդ»-ի Կոտայքի գազաֆիկացման եւ գազամատակարարման մասնաճյուղը: