Խորհրդարանի պատգամավորի մահվան մասին լուրից հետո, Թունիսի մայրաքաղաքի կենտրոնում մարդիկ բողոքի ակցիա են կազմակերպել:

Երկրի ՆԳՆ շենքի մոտ արդեն հարյուրավոր ցուցարարներ են հավաքվել, որոնք կարգախոսներ են վանկարկում՝ երկրում իշխող «Ան-Նահդա» իսլամիստական կուսակցության դեմ, փոխանցում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Պատգամավորի սպանությունն իրականացվել է Հանրապետության օրը, որն այսօր տոնում են այդ երկրում: Ըստ ոչ պաշտոնական տվյոլաների՝ պատգամավորի վրա կրակել են 11 անգամ, երբ նա եղել է սեփական տան մոտ: Հաղորդվում է նաեւ, որ երկու հանցագործները դեպքի վայրից փախել են մոտոցիկլետներով:

Ավելի վաղ զանգվածային բողոքների պատճառ էր դարձել եւս մեկ սպանություն: Փետրվարի սկզբին սպանվել էր ընդդիմադիր կուսակցություններից մեկի առաջնորդը:

Այդ սպանության պատճառով երկրում տիրող քաղաքական ճգնաժամն ավելի է սրվել: Վարչապետը պաշտոնաթող էր եղել, իսկ կառավարությունը լուծարվել էր: Իշխանությունն իրենց ձեռքն էին վերցրել իսլամիստները:

Հանգուցյալ պատգամավորի կողմնակիցները նրա հիշատակին նվիրված ցույց են նախապատրաստում: