Արդեն 5 օր է, ինչ հայ հասարակությունն ընդվզում է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հուլիսի 19-ի ապօրինի որոշման դեմ եւ մեկ տարուց ավելի է ընվզում է Երեւանի փակ շուկայի հուշարձան-շենքի ոչնչացման դեմ: Այս մասին ասված է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի տարածած կոչ-հորդորում, որն ուղղված է Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին:

Նրա կոչ-հորդորում, մասնավորապես, նշվում է.

«Այս ընդվզման ալիքի հիմքը այն կոռումպացված համակարգն է, որը այս պահի դրությամբ դեռ անխափան աշխատում է:

Երկու օր առաջ ոստիկանության կոլեգիայի նիստում հայտարարեցիք հետեւյալը`  «…Մի վերաբերվեք մեր համազգեստի հետ սպառողական մտածելակերպով, այլ ամրացրեք, ուժեղացրեք: Հասարակության կողմից վստահություն ձեռք բերելու ճանապարհը սա է…:»

Եթե հայտարարում եք սպառողական մտածելակերպի մասին,  ապա դադարեցրեք Տարոն Մարգարյանի սպառողական ախորժակը` պատասխանատվության կանչելով դրամաշորթներին:

Եթե հայտարարում եք համազգեստի ամրացման եւ ուժեղացման մասին, ապա միջոցներ ձեռնարկեք՝ Երեւանի փակ շուկայի հուշարձան-շենքը ոչնչացնողներին պատասխանատվության կանչելով:

Եթե ցանկանում եք հասարակության կողմից վստահություն ձեռք բերել, ապա ներողություն խնդրեք, որ մինչ այս պահը չեք կարողացել սպասարկել հասարակության շահը:

Այս հայտարարության հիմքում են ընկած մեր երկրում տիրող համատարած անօրինականությունները եւ մասնավորապես ներքո թվարկված հանցագործության մասին երկու հաղորդումները` հասարակական կարգի եւ բարոյականության դեմ, պաշտոնատար անձի կողմից պաշտոնական դիրքի չարաշահում` 04.07.2013 թվականի Երեւանի Փակ շուկայում տեղի ունեցող ապօրինությունների, եւ 24.07.2013 թվականի Տարոն Մարգարյանի կողմից ընդունված ապօրինի որոշման վերաբերյալ:

Այսօր արդեն բողոքարկվում է Երեւանի Փակ շուկայում տեղի ունեցող ապօրինությունների վերաբերյալ Ձեր կողմից ղեկավարվող ոստիկանության անգործությունը»: