«Վճարում ենք 100 դրամ» շարժումը արձագանքել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հայտարարությանը, որտեղ նա թեեւ նշում է, որ 150 դրամ ուղեվարձը այլընտրանք չունի, սակայն հավելում է ժամանակավորապես կասեցվում է ուղեվարձը 150 դրամ սահմանելու որոշումը:

Շարժման պատասխան հայտարարության մեջ ասվում է.

«Ձեր հայտարարությունը որեւէ կերպ փաստարկված չէ տնտեսագիտորեն եւ կրում է զուտ հռետորական բնույթ: Թեեւ հանրային տրանսպորտի որակի եւ անվտանգության համար պատասխանատուն քաղաքապետարանն է, սակայն այս պահին գործող քաղաքապետարանը չունի բավարար ներուժ, կարողություն եւ գիտելիք այս խնդիրը հանրային շահի տեսակետից լուծելու համար։ Եթե անկարող եք քաղաքացիների պահանջը բավարարել կամ հրաժարվեք տրանսպորտի ոլորտի պատասխանատուն լինելուց, կամ հեռացեք քաղաքապետի պաշտոնից: Կարծում ենք, որ քաղաքացիները կարող են ինքնակազմակերպվել եւ 100 դրամ ուղեվարձով երթուղիներ ձեւավորել՝ առանց գծատերերի եւ քաղաքապետարանի միջամտության, ինչի ականատեսը եղանք բոլորս վերջին մի քանի օրերի ընթացքում: Քաղաքապետարանում պետք է աշխատեն մարդիկ, ովքեր պաշտպանում են հանրային շահը եւ պատրաստ են ամբողջ տրանսպորտային ցանցը վերցնել քաղաքապետարանի պատասխանատվության տակ՝ վերացնելով գծատերերի՝ վարորդներին շահագործող եւ գերշահույթով աշխատող ինստիտուտը»: