Գյումրի քաղաքի Թատերական Հրապարակում մոտ 30 ազատամարտիկներ նստացույց են սկսել եւ մի շարք պահանջներ են ներկայացրել իշխանություններին:

Այս մասին  NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը:

Նրա խոսքով՝ իրենք պահանջում են կենսաթոշակները կրկնապատկել, զոհվածների ընտանիքներին, պատերազմի մասնակիցներին արժանապատիվ կենսաթոշակ նշանակել. «Խոսքը թե ազատամարտիկների, թե պայմանագրային եւ եռամսյա զինծառայողների մասին է, բոլոր-բոլորի»:

Նա փոխանցեց, որ Շիրակի մարզի տարբեր գյուղերից արդեն 100 հոգի եկել եւ գրանցվել են նստացույցին միանալու համար, իսկ այս պահին դեռ 30-ն են նստացույցին մասնակցում:

«Մարդիկ աշխատում են գալիս իրենց տվյալները տալիս են կես ժամ մի ժամ նստում են գնում աշխատանքի: Աշխատանքից հետո էլի գալիս»,- փոխանցեց ազատամարտիկն ու հավելեց, որ կառավարության եւ պետական մարմիններից, ոչ ոք իրենց դեռ չի հանդիպել:

Ազատամարտիկները Գյումրիում մնալու են մինչեւ հուլիսի 28-ը, որից հետո շարժվելու են այլ մարզեր: «Հանդիպելու ենք տղաների հետ: Ներկայացնենք մեր ծրագրերը եւ միավորվենք, որ մարդիկ դուրս գան պայքարի»,- ասաց Վոլոդյա Ավետիսյանը: