Երեւանի քաղաքապետարանի առջեւ «Վճարում ենք 100 դրամ» նախաձեռնության բողոքի ակցիայի ժամանակ երիտասարդ մի աղջիկ է ուշաթափվել: Նրան ընկերներն ուշքի են բերել եւ տուն ուղեկցել: Այս պահին քաղաքապետարանի մոտ է գտնվում շտապօգնության մի մեքենա:
Ոստիկանները համառորեն թույլ չեն տալիս, որպեսզի ակտիվիստներն իրենց պահանջագիր նամակը փոխանցեն քաղաքապետարան, իսկ ներսից էլ չ ոք դուրս չի գալիս նամակը վերցնելու համար:
Քիչ առաջ քաղաքապետարան եկավ Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Դավիթ Սանասարյանը, որը երեկ ակտիվիստների պատրաստած 50-դրամանոցի պատկերով եւ «Կերեք, կշտացեք» գրությամբ տորթը հանձնել էր քաղաքապետարան:
Նա նշեց, որ իր համար որեւէ դժվարություն չկա քաղաքացիների արդար պահանջն իրականացնել եւ այս անգամ էլ նամակը փոխանցել քաղաքապետարան: Սանասարյանը նաեւ ընդգծեց. «Ի՞նչ է նշանակում՝ թույլ չեն տալիս նամակը փոխանցել քաղաքապետարան: Ստացվում, որ ես իրենց համար նամակ փոխանցո՞ղ եմ աշխատում: Նրանք պարտավոր են իջնել եւ վերցնել»:
Նա նաեւ տեղեկացրեց, որ քաղաքապետարանի կազմակերպչական վարչությունում իրենից նեղացել են, որ տորթը հանձնել է քաղաքապետարան: «Սա հեգնանք չէ, քաղաքացիական ակցիա է: Դուք էլ կիսեք տորթն ու հյուրասիրեք Տարոն Մարգարյանին, որ այդ տորթից ուտի, ես էլ կգամ կուտեմ»,-ասաց Սանասարյանը եւ հավելեց, որ ամենայն հավանականությամբ տորթը նետել են, չեն կերել:
Ի վերջո, ոստիկանները թույլ տվեցին, որ ակցիայի մասնակիցներից մեկը պահանջագիր նամակը փոխանցի քաղաքապետարան:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























