Թեեւ «Ժառանգություն» կուսակցությունը 22 օրով «ամրագրել է» Ազատության հրապարակը, առայժմ հայտնի չէ` հանրահավաքներն անցկացվելու են, թե՝ ոչ:

Ինչպես NEWS.am-ի թղթակցին է հայտնել կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, քանի որ «Հավաքների մասին» օրենքի համաձայն հնարավոր չէ հանրահավաք կամ հավաք անցկացնել առանց այդ օրվանից 7 օրից ոչ ուշ կամ 30 օրից ոչ շուտ ծանուցում ներկայացնելու, ապա հանրահավաքն անմիջապես անցկացնել հնարավոր չէ: «Քանի որ օգոստոսին կարող են տեղի ունենալ համապատասխան ներքաղաքական եւ արտաքին քաղաքական իրադարձություններ, որոնց լայն հասարակական քննարկման անհրաժեշտություն կլինի, մենք նախապես տեղեկացրել ենք քաղաքապետարանին»,-ասել է Մարտիրոսյանը, հավելելով, որ «Ժառանգությունը» ցանկանում է նախապես ձեռքի տակ ունենալ «ազատ» Ազատության Հրապարակ:

Ընդգծենք, որ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ, Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» դաշինքի անդամ Արմեն Մարտիրոսյանը քաղաքապետարան է ուղարկել ծանուցում, որի համաձայն օգոստոսի 1-22-ը ժամը 11:00-21:00 Երեւանի Ազատության հրապարակում հանրահավաքներ պետք է անցկացվեն: Ինչպես քաղաքապետարանի պաշտոնական կայքում է նշվում, բոլոր ծանուցումներն ի գիտություն են ընդունվել:

Հիշեցնենք, որ վերջերս կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը կրկին հայտարարել էր Հայաստանի ապագայի համար համատեղ պայքարի անհրաժեշտության մասին, ընդ որում, պատրաստակամություն է հայտնել երկիրը ճգնաժամից դուրս բերելու ծրագիրը քննարկել երկրի նախագահ Սերժ Սարգսյանի հետ: