Երեւանյան խանութներում սկսել է էժանանալ ձեթը: Այսպես` Սամվել Ալեքսանյանի «Երեւան սիթիում» «Զոլոտայա սեմոչկա» ձեթի գինը վերջին 1ամսում 840 դրամից իջել է մինչեւ 815 դրամ, իսկ «Ավեդով» ձեթի գինը` 860-ից մինչեւ 835 դրամ:

Նշենք, որ Սամվել Ալեքսանյանի «Ալեքս գրիգ» ընկերությունը ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում գրանցված է որպես արեւածաղկի եւ եգիպտացորենի բուսական յուղի շուկայում գերիշխող դիրք գրավող (իրացման ծավալով գրավում է այդ շուկայի 37.5%-ը): ՏՄՊՊՀ մամլո քարտուղար Գայանե Սահակյանը NEWS.am-ի հետ զրուցում հաստատեց «Երեւան սիթիում» ձեթի գնի նվազման փաստը:

Ցավոք` երեւանյան սուպերմարկետները չունեն հասարակայնության հետ կապերի որակավորված պատասխանատուներ, ինչը էապես դժվարացնում է գների շարժի վերաբերյալ սիրողական ուսումնասիրությունները: Ինչ վերաբերում է փոքր խանութներին` ապա դրանց մեծ ամսում գները փոփոխված չեն, իսկ որոշներում գինը նվազեցվել է 10-20 դրամով:

Նշենք, որ բուսական յուղը սկսել է էժանանալ նաեւ եվրոպական շուկաներում` հյուսիսային կիսագնդում առաջիկայում կսկսվի արեւածաղկի եւ եգիպտացորենի բերքահավաքը, սպասվում է բարձր բերք:

Արեւածաղկի ձեթի տոննայի արժեքը Եվրոպայում կազմում է 1180 դոլար` վերջին շաբաթում նվազելով 20 դոլարով: Ուկրաինայում եւ Ռուսաստանում եւս սպասվում է արեւածաղկի ու եգիպտացորենի բարձր բերք: