«ՀայՌուսգազարդ» ընկերությունը 2013 թ. առաջին կիսամյակում վճարել է 19.4 մլրդ դրամ հարկ եւ գլխավորում է ՀՀ ԿԱ պետեկամուտների կոմիտեի հրապարակած խոշոր հարկատուների ցանկը: Նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ «ՀայՌուսգազարդը» 1.2 մլրդ դրամով ավելի հարկ է վճարել:

Երկրորդ խոշոր հարկատուն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է` 12.8 մլրդ դրամ: Այս ընկերությունը եւս նախորդ տարվա համեմատ ավելացրել է հարկերի վճարումը` մոտ 13%-ով:

Խոշոր հարկատուների ցանկում երրորդ եւ չորրորդ տեղում են հայտնվել հեռահաղորդակցական ընկերությունները` հետ մղելով Սամվել Ալեքսանյանի «Ալեքս գրիգին»: Այսպես` «Ղ-Տելեկոմը» վճարել է 11.2 մլրդ դրամ` 4 մլրդ դրամով (55%-ով) ավելի, քան 2012 թ. առաջին կիսամյակում: «ԱրմենՏելը» վճարել է 7.5 մլրդ դրամ` 1.5 մլրդ դրամով (25%-ով) գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը:

Փոխարենը` հարկերի վճարումը նվազեցրել է պարենային ապրանքների խոշորագույն ներկրող «Ալեքս գրիգը», որը նախորդ տարվա երրորդ հորիզոնականից այս տարի տեղափոխվել է 5-րդ հորիզոնական: Ընկերությունը վճարել է 6.7 մլրդ դրամ` նախորդ տարվա 9.2 մլրդ դրամի համեմատ (նվազումը` 27%): Հարկերի նվազումը պայմանավորված է նրանով, որ Սամվել Ալեքսանյանի բիզնեսների մի մասը փոխանցվում է «Սամ-Սեր» ընկերությանը:

Վառելիք ներկրող «Ֆլեշ» ընկերությունը վճարել է 5.6 մլրդ դրամ եւ խոշոր հարկատուների ցանկում զբաղեցնում է 6-րդ տեղը: Նախորդ տարվա համեմատ ընկերությունն ավելացրել է հարկերի վճարումը մոտ 10.3%-ով: Փոխարենը զգալի ետընթաց է արձանագրել վառելիքի շուկայում գերիշխող դիրք զբաղեցնող մյուս ընկերությունը: Նշենք, որ «Սիթի պետրոլ գրուփին» այս տարի փոխարինում է իրավահաջորդը` «ՍԻՓԻԷՍ ՕՅԼ Քորփորեյշնը», որը վճարել է 3.2 մլրդ դրամ եւ զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը: 2012 թ. առաջին կիսամյակում «Սիթի պետրոլ գրուփը» 4.1 մլրդ դրամ էր վճարել: 

Սյս տարի խոշոր հարկատոիւների ցուցակում իր դիրքերը զգալի բարելավել է  Սոթքի ոսկու հանքերը շահագործող «Գեո պրո մայնինգ գոլդը»` վճարելով 5.4 մլրդ դրամ; Նախորդ տարվա ցուցանիշը գերազանցվել է 2.2 անգամ:

Հայաստանի էլեկտրական ցանցերը ավանդաբար նույնպես խոշոր հարկատուների տասնյակում է: Այս տարի ընկերությունն արդեն իսկ վճարել է 4.7 մլրդ դրամ` նախորդ տարվա 4.6 մլրդ դրամի համեմատ:

Եւ վերջապես` Ս. Ալեքսանյանի նորաստեղծ «Սամ-Սեր» ընկերությունը վճարել է 4 մլրդ դրամ եւ զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը: Ընկերությունը զբաղվում է գոմեշի մսի, այլ մսամթերքի, «Ամքոր» կարագի ներկրմամբ:

Նշենք, որ 1000 խոշոր հարկատուները միասին այս տարվա առաջին կիսամյակում վճարել են 314 մլրդ դրամի հարկեր` նախորդ տարվա ցուցանիշը գերազանցելով 19.8%-ով: