Հայկական Կարմիր խաչի ընկերությունն ավարտել է մարդասիրական օգնության բաշխումը՝ մայիսին Արմավիրի մարզում աղետալի կարկուտից տուժած 14 գյուղական համայնքներում:
Արդյունքում, մինչեւ հուլիսի 15-ը, ՀԿԽԸ Աղետներին արձագանքման թիմը կազմակերպել է 4.020 շահառուի /983 ընտանիք/ մարդասիրական օգնության տրամադրման գործընթացը, որը ներառում էր 2.090 սննդի եւ հիգիենիկ պարագաների ծանրոցներ եւ հաշվարկված էր շահառու ընտանիքի սննդի եւ հիգիենիկ կարիքները 2-3 ամսով բավարարելու համար:: Բաշխումն իրականացվել է նախապես մշակված բաշխման չափանիշների եւ շահառուների ցուցակի համաձայն:
Մարդասիրական օգնության տրամադրումը հնարավոր է դարձել Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի /ԿԽԿՄ ՄՖ/ Արտակարգ իրավիճակներին արձագանքման հիմնադրամի /ԱԻԱՀ/ կողմից հատկացված 197.155 եվրո միջոցով, որից 157,724 եվրո հատկացրել է Եվրոպական հանձնաժողովի մարդասիրական օգնության եւ քաղաքացիական պաշտպանության վարչությունը՝ նախաձեռնած մարդասիրական արձագանքին աջակցելու համար:
Հիշեցնենք, որ այս տարվա մայիսի 12-ից 17-ը աղետալի կարկուտի հետեւանքով լուրջ վնաս է հասցվել Արմավիրի մարզի 46 գյուղական համայնքներին: Համաձայն Գյուղատնտեսության նախարարության եւ Արմավիրի արտակարգ իրավիճակների մարզային հանձնաժողովի հաշվետվությունների, ամբողջովին կամ մասնակի վնաս է հասցվել 46 համայնքների գյուղատնտեսական նշանակության դաշտերին ու այգիներին, տուժել է 12.800 ընտանիք, իսկ նախնական վնասի չափը գնահատվում է 28,268,56 միլիարդ դրամ կամ 60 միլիոն ԱՄՆ դոլար:
Եվրոպական հանձնաժողովը ԿԽԿՄ ՄՖ հետ ստորագրել է 3 մլն եվրոյի մարդասիրական աջակցության պայմանագիր՝ աջակցելու Ֆեդերացիայի ԱԻԱ հիմնադրամին: ԱԻԱ հիմնադրամը գումարները հիմնականում տրամադրում է փոքրամաշտաբ աղետների դեպքում, երբ այն չի վերածվում ֆորմալ միջազգային կոչի:




























